Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, շարունակվեց նախորդ տարվա հունիսի 1-ի գիշերը Գորիսում տեղի ունեցած արյունոտ միջադեպի գործով հերթական դատական նիստը:
Քիչ առաջ դատարանին ինքնաբացարկ հայտնեց Բուղադյանների պաշտպան Հայկ Ալումյանը: Փաստաբանն ասաց, որ գործով դատավորն ապրում և աշխատում է Սյունիքի մարզում, որտեղ մարզպետ է նշանակվել այս գործով տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանի ամուսինը՝ Սուրիկ Խաչատրյանը: Հայկ Ալումյանն ասաց, որ ՀՀ մարզերում պետական կառավարման մասին` ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված են մարզպետի իրավասությունները: Այդ հրամանագրի համաձայն` մարզի տարածքում մարզպետի իրավասության մեջ են մտնում, ի թիվս այլնի, ֆինանսները, կոմունալ տնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, սոցիալական ապահովություն, մշակույթը, սպորտը, հանրային սնունդը և սպասարկումը:
«Հանդիսանալով Սյունիքի մարզի բնակիչ` Դուք և Ձեր հարազատները ամենօրյա շփումներ եք ունենում կամ ցանկացած պահի կարող եք ունենալ այն հարցերի հետ, որոնք գտնվում են սույն գործով տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանի ամուսնու իրավասության ոլորտում: Ցանկացած պահի, երբ Դուք կամ Ձեր ընտանիքի անդամներն ու ազգականները, լինելով Սյունիքի մարզի բնակիչներ, կարիք ունենաք ստանալ շինարարություն իրականացնելու իրավունք, ընտանիքի որևէ անդամ աշխատի կամ ցանկանա աշխատել որևէ բուժհաստատությունում, դպրոցում կամ մանկապարտեզում, ստանա բուժսպասարկում մարզի հիվանդանոցներից կամ պոլիկլինիկաներից մեկում և բազմաթիվ այլ հարցեր, հարցն անմիջապես հայտնվելու է սույն գործով տուժողի ամուսնու իրավասության ներքո: Լինելով Սյունիքի մարզի բնակիչ՝ Դուք որևէ կերպ չեք կարող խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ Ձեզ համար կարևորություն ներկայացնող որևէ հարցի լուծում կախված լինի մարզպետից կամ մարզպետարանից: Սա այն հիմքն է, որի արդյունքում, անկողմնակալ դիտորդի տեսանկյունից, կարող են կասկածներ առաջանալ Ձեր անաչառության վերաբերյալ: Դա արդեն իսկ բավարար է, որպեսզի Դուք այս գործը չքննեք»,- ասաց Ալումյանը:
Փաստաբանը վկայակոչեց Սուրիկ Խաչատրյանի այն հայտարարությունը, որում մարզպետը շնորհակալություն էր հայտնում մարզի կարևոր 4 «սյուներին», այդ թվում` դատարանի նախագահին` իր ամբողջ համակարգով: Նա նշեց, որ Սուրիկ Խաչատրյանը, մարզպետի պաշտոնում լինելով, չի կարող անկողմնակալ և անաչառ որոշում կայացել:
Yerkir.am-ի լրագրողը դատարանից հայտնում է, որ այս պահին դատարանում են Սուրիկ Խաչատրյանի կինը` գործով տուժող Լորետա Բարսեղյանը, Խաչատրյանի թիկնապահ Վարդան Նիկողոսյանը: Դատարան չի ներկայացել Սուրիկ Խաչատրյանի որդին` գործով վկա Տիգրան Խաչատրյանը: Դատարանը ոստիկանութունից գրություն է ստացել այն մասին, որ մինչ այժմ հնարավոր չի եղել պարզել Տիգրան Խաչատրյանի գտնվելու վայրը, սակայն նիստի ընթացքում Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ Տիգրան Խաչատրյանը ճանապարհին է և շուտով կներկայանա դատական նիստին:
Այս պահին դատարանը մտել է խորհրդակցական սենյակ` Հայկ Ալումյանի ներկայացրած ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ այս գործով միակ մեղադրյալը զինված ուժերի գնդապետ Արտակ Բուդաղյանն է: Ըստ մեղադրանքի` Արտակ Բուդաղյանը, իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ հուլիսի 1-ին` ժամը 22-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը` ժամը 23-ի սահմաններում, իր ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքում գտնվող`Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցրած, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: