Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցած` «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարից հետո լրագրողների հետ զրույցում միության հիմնադիր նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված, որ որոշվեց համագումարն անցկացնել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում, պատասխանեց, որ «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարը այսօր կայացել է շնորհիվ այն մարդու, որը բոլորին է ձեռք մեկնում` նկատի ունենալով ԲՀԿ-առաջնորդ Գագիկ Ծառուկյանին. «Այո, ինչո՞ւ պիտի հրաժարվեմ նրա անունը տալուց: Այո,Գագիկ Ծառուկյանի շնորհիվ ենք այսօր այստեղ հավաքվել»:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյա՞նն է Ռուբեն Գևորգյանի համար հեղինակություն, Ռուբեն Գևորգյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը ամբողջ հայ ազգի համար է հեղինակություն:
«Նա Աստծո կամքով ունի այն արյան գործակիցը, որը նրան մղում է բարեգործությանը: Նրան փառաբանելու շատ պատճառներ կան` և' որպես բարերարի, և' որպես պետական գործչի: Ես այդ սահմանը կամ դաշտը չեմ ուզում մտնել` փառաբանելու: Ես նրան չեմ փառաբանում` որպես երկրի գլխավոր հրամանատար»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ռուբեն Գևորգյանը պատմեց, որ «Երդվյալ ազատամարտիկների միությունը» որոշել էր իր համագումարն անցկացնել Ազատության հրապարակում, ինչպես վաղօրոք հայտարարել էին, որ եթե իշխանությունները փակեն բոլոր դահլիճների դռները ազատամարտիկների առաջ, ապա իրենք իրենց համագումարները անցկացնելու են Ազատության հրապարակում, սակայն Գագիկ Ծառուկյանը առաջարկել է իր «Փարավոն» ռեստորանային համալիրի բացօթյա դահլիճը, քանի որ անհարմար է զգացել` հայրենիքի համար կռված տղերքը դահլիճ չունենալու պարագայում իրենց համագումարն անեն փողոցում:
Հարցին, թե չի՞ վիրավորվել, արդյո՞ք, Գագիկ Ծառուկյանը` չի եկել մասնակցելու համագումարին, Ռուբեն Գևորգյանը պատասխանեց. «Իրա չգալը բոլորովին ոչինչ չնշանակեց: Իհարկե, ավելի շոյված կզգայի իր գալուց, բայց արդյո՞ք այս ամենն իր գալը չի նշանակում: Երկիրը ոչ մի տեղ մեզ չհատկացրեց: Մենք որոշել էին այս համագումարը Օպերայի բակում անցկացնել, բայց գտնվեց մի մարդ` ի դեմս Գագիկ Ծառուկյանի, ով ասաց, որ անհարմար է, որ հայրենիք համար կռված տղերքը այսօր փողոցում համագումար անեն, նա ասաց, որ դա չի հանդուրժի: Ինքը տրամադրեց տարածքը, որպեսզի պատշաճ կերպով իրականացնենք համագումարը: Ես էլի եմ կրկնում մենք շատ շնորհակալ ենք իրեն»: