Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հերթական համերգն էր: Համերգին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացավ իտալացի անվանի դիրիժոր Պիետրո Ռիցցոյի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ` հանդես եկան դաշնակահար Էշլի Վոսը (Մեծ Բրիտանիա) և ջութակահար Բորիս Բրովցինը (Մեծ Բրիտանիա):
Yerkir.am-ի հետ զրույցում Պիետրո Ռիցցոն նշեց, որ ուրախ է համագործակցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, քանի որ, մեկ շաբաթ միասին աշխատելով համերգային ծրագրի վրա, հասկացել են` շատ բան ունեն «կիսելու»:
Ռիցցոյի կարծիքով` Երևանյան փառատոնն արդեն աշխարհում իր տեղն ունի, և միջազգային ճանաչում ունեցող շատ երաժիշտներ իրենք են ցանկություն հայտնում մասնակցելու փառատոնին:
Մաեստրոն, ի դեպ, համագործակցել է մի շարք հայ օպերային երգիչների հետ:
«Համերգներ ենք ունեցել մի շարք հայ մենակատարների հետ` տաղանդավոր մենակատարների` Կարինե Բաբաջանյանի, Հասմիկ Պապյանի… Պետք է ասեմ, որ բնությունից նրանց հիանալի ձայն է տրված: Հայ կոմպոզիտորների, երաժիշտների գործերին, բնականաբար, ծանոթ եմ, դե, Խաչատրյանը հայտնի է ամբողջ աշխարհում»,- ասաց Ռիցցոն:
Նա Երևանում շատ բան չի հասցրել տեսնել, բայց այցելել է մի շարք թանգարաններ` Ազգային պատկերասրահ, պատմության թանգարան: «Մի բան եմ հասկացել` հարուստ մշակույթ ունեք, որն ինձ շատ հետաքրքրեց: Կուզեի ասել նաև, որ հայերը շատ դրական մարդիկ են, այստեղ կյանքը բավական ակտիվ է, և կարծում եմ, որ հայ-իտալական մշակույթները որոշ առումով նման են իրար»,- ասաց Ռիցցոն:
Հարցին, թե ապագայում` հաջորդ այցին, ո՞ր ստեղծագործությունը կուզենար այստեղ ներկայացնել, մաեստրոն պատասխանեց, թե` ցանկացած ստեղծագործություն, միայն թե ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռվի այցելելու Հայաստան:
Ի դեպ, համերգային ծրագրում հնչեցին` Բեթհովեն՝ «Էգմոնտ» նախերգանքը, Գերշվին՝ «Դաշնամուրի կոնցերտ»-ը, Բրամս՝ «Ողբերգական նախերգանք»-ը և Սիբելիուս՝ «Ջութակի կոնցերտ»-ը: