Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կմեկնարկի Հայաստանի երիտասարդական նվագախմբի 2014-2015թթ. համերգաշրջանը: Հատկանշական է, որ համերգաշրջանի բացմանը զուգահեռ այսօր կմեկնարկի նաև Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնը:
Լրագրողների հետ զրույցում նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ փառատոնի և համերգաշրջանի բացումը սկսվում է յուրահատուկ համերգով, որը Հայաստանի համար կարելի է փորձ համարել:
«Երիտասարդական նվագախմբի հետ համատեղ հանդես կգան հանրահայտ դիջեյ Սուիչը / և Բիթբոքսի հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանը: Կհնչի Գաբրիել Պրոկոֆևի ձայնարկիչի և նվագախմբի համար կոնցերտը և Մայլս Հենքոքի ձայնարկիչի, բիթբոքսերի և նվագախմբի կոնցերտը: Ի դեպ, սա համաշխարհային պրեմիերա է»,- ասաց Սմբատյանը:
Նա նշեց նաև, որ բեմում դիջեյ և նվագախումբ համադրությունն արդեն իսկ փորձարկվել է Եվրոպայում և մեծ հաջողություն գրանցել: Սմբատյանի հավաստմամբ` մինչ համերգը ինքը նույնպես չի պատկերացրել այդ համադրությունը. «Վերջերս մենք միշտ փորձում ենք համերգների անցկացման համար ընտրել մի ֆորմատ, որն անսովոր է հանդիսատեսի համարը, որը, սակայն, հետո դուր է գալիս շատերին»:
Ի դեպ, փառատոնի բացման համերգը նվիրվում է Երևանի պետական համալսարանի 95-ամյակին:
Երիտասարդական նվագախումբն անակնկալ է պատրաստել դասական երաժշտության սիրահարների համար` այսուհետ հնարավորություն կունենանք հետևելու Երիտասարդականի, մասնավորապես՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացվող բոլոր համերգներին՝ անկախ գտնվելու վայրից, պարտադիր պայման է միայն ինտերնետի հասանելիությունը: Սկսած հենց սեպտեմբերի 16-ից՝ յուրաքանչյուր համերգ հնարավոր կլինի դիտել առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ, փառատոնի պաշտոնական կայքէջում՝ www.akhif.am, ինչպես նաև նվագախմբի պաշտոնական էջում ՝ www.syoa.tv:
Ծրագրի շրջանակներում Երևանը հյուրընկալելու է ինչպես հռչակավոր երաժիշտների, այնպես էլ՝ երիտասարդ տաղանդների աշխարհի տարբեր ծայրերից, ովքեր լսարանին են ներկայացնելու խաչատրյանական գեղեցիկ արվեստը: Նշենք մենակատարներից մի քանիսին միայն՝ Զախար Բրոն, Վահագն Պապյան, Աննա Տիֆու, Ալեքսանդր Ռոմանովսկի, Նին Ֆեն, Մարիա Դոմաշենկո և այլք:
Փառատոնն իր ընթացքը կշարունակի մինչև դեկտեմբերի 4-ը: Այն կեզրափակվի Խաչատրյանի «Ջութակի կոնցերտ»-ով` Երիտասարդական նվագախմբի և ջութակահար Մայու Քիշիմանի (Ճապոնիա) կատարմամբ, իսկ 2-րդ մասում հանդես կգան Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն ու Մարիա Դոմաշենկոն (մեցցո-սոպրանո, Ռուսաստան):