կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-06 19:21
Քաղաքական

Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ. ԱԱԾ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետախուզական քայքայիչ գործունեության դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենքով իրեն վերապահված գործողությունների ու լիա­զո­րու­թյունների իրականացմանը, շարունակում է բացահայտել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանցավոր նկրտումներն, ինչպես նաև հակազդել համացանցի տարբեր հար­թակ­նե­րում ադրբեջան­ցի օգ­­տա­տե­րերի կողմից շարու­նա­կական բնույթ կրող հակա­հայ­­կական և ՀՀ զին­ված ուժերը վար­կա­բե­­­կե­­­լուն ուղղված ակցիա­ներին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Հիշյալ ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված տվյալներից դիտվում է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծա­ռա­յու­թյունների «արհեստավարժ հետախույզները», հավատարիմ մնալով իրենց բնորոշ պարզունակ գործելաոճին և օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, շարունակում են հա­մա­ցան­ցի սոց­ցանցերում գրանցել ար­տ­երկրում բնակ­վող հայերի անուններով կեղծ էջեր և ներ­կա­յա­նա­լով որպես գործարար-բա­րե­րարներ, կամ ՀՀ ԶՈՒ նախկին  զինծառայողներ, ծա­նո­­թու­­թյուն­ներ են հաստատում հայ զինծա­ռա­յող-օգտա­տերերի, կամ նրանց հարազատների հետ ու շփումների ընթացքում փորձում են կորզել ռազմական բնույթի տեղեկություններ:

Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների գործողություններն այնքան նույնաբովանդակ և պարզունակ են, որ ՀՀ ԶՈւ զինծառայող-օգտատերերը գրեթե առաջին իսկ արտահայտությունից հասկանում են, որ գործ ունեն ադրբեջանական «հզոր հետախույզի» հետ և դադարեցնում են նրանց հետ շփումներն ու անմիջապես իրազեկում համապատասխան մարմիններին:

Չնայած նշված հանգամանքին՝ այնուամենայնիվ, ՀՀ ԶՈՒ-ում դեռևս կան առանձին զինծառայողներ, այդ թվում հրամանատարական կազմի շրջանում, ովքեր միամտորեն կարծելով, որ հաղորդակցվում են իրենց նախկին ծառայակիցների կամ ենթակաների հետ, նամակարգրությունների ընթացքում քննարկում են զինվորական ծառայությանը վերաբերող հարցեր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից-օգտատերը, «Facebook» սոցիալական ցանցում գրանցված մտացածին էջով (կեղծ) նամակագրական կապեր է հաստատել ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայի հետ և փորձել է նրանից կորզել տեղեկություններ ՀՀ ԶՈւ վերաբերյալ:

Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթ օգտատերերի հետ շփումներից և չքննարկել զինվորական ծառայությանը վերաբերող թեմաներ, իսկ նման իրադրության մեջ հայտնված անձանց և զինծառայողներին, իրենց իսկ շահերից ելնելով, խնդրում ենք անհապաղ դիմել Ազգային անվտանգության ծառայություն: