կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-04 16:55
Հասարակություն

Շիրակի թեմը նշում է կազմավորման 100-րդ տարեդարձը

Շիրակի թեմը նշում է կազմավորման 100-րդ տարեդարձը

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմը նշում է կազմավորման 100­ ամյակը:

Մեկդարյա պատմություն ունեցող թեմին շնորհավորելու և թեմակալ առաջնորդին երախտիքի խոսք ուղղելու համար Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, մարզպետի խորհրդականն ու օգնականը սեպտեմբերի 4-ին այցելել են Շիրակի թեմ։

Շնորհավորելով թեմակալ առաջնորդին՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդգծել է, որ եկեղեցին այն կարևորագույն հենասյուներից է, որով ամուր է մեր պետականությունը։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ նշել է, որ այս բարդ և դժվարին տարում շատ կարևոր է պատկան մարմինների ուշադրությունն ու համագործակցությունը։

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմը ստեղծվել է 1920 թվականի սեպտեմբերի 4–ին Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոնդակով։ Սկզբնական շրջանում թեմն ընդգրկում էր այժմյան Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերը, ինչպես նաև Արագածոտնի մարզի որոշ շրջաններ։ Նույն թվականի նոյեմբերի 5-ին կաթողիկոսը Ալեքսանդրապոլի փոխանորդ Արտակ վարդապետ Սմբատյանին նշանակում է Շիրակի թեմի առաջին առաջնորդ։

Այնուհետև թեմի առաջնորդությունը հաջորդաբար վարել են Աշոտ եպիսկոպոս Շախյանը և Իսահակ եպիսկոպոս Տեր-Միքայելյանը։
Խորհրդային իշխանության վարած եկեղեցահալած քաղաքականության հետևանքով 1938 թվականին Շիրակի թեմում բաց էր մնացել միայն առաջնորդանիստ Յոթվերք եկեղեցին։ 1990 թվականին թեմից անջատվեցին Տավուշն ու Լոռու մի հատվածը, իսկ 1996 թվականից ի վեր Շիրակի թեմը սահմանափակվեց միայն Շիրակի մարզի տարածքով։

1999 թվականին Գարեգին Բ կաթողիկոսի կողմից առաջնորդական տեղապահ նշանակվեց Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանը։ Վերջինս 2001 թվականին ձեռնադրվեց եպիսկոպոս և հաստատվեց որպես Շիրակի թեմի առաջնորդ։

Առաջնորդը խորին շնորհակալությունն է հայտնել մարզային իշխանություններին կարևորելու և այս պատմական օրը ևս մեկ անգամ արժևորելու համար: