Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
«Հայաստանը չափազանց կարևորում է Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը և բոլոր բնագավառներում ամուր գործընկերային կապերի զարգացումը: Պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել մեր հարաբերությունների օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը», - ողջունելով հյուրերին՝ նշել է վարչապետը:
Շնորհավորելով Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Բրիջիթ Բրինքն ընդգծել է. «Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է գործակցել Ձեզ հետ, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և Ձեր թիմի մյուս անդամների հետ՝ աշխատելու բոլոր հնարավոր ուղղություններով և մեր երկկողմ օրակարգի կարևորագույն հարցերի, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների և հայ-ամերիկյան գործարար ու տնտեսական կապերի խորացման շուրջ»:
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի խնդրանքով վարչապետը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրով սահմանված՝ տնտեսության զարգացման գերակայությունների և ըստ ոլորտների նախատեսվող քայլերի վերաբերյալ: Կարեն Կարապետյանի խոսքով՝ տնտեսական աճ ապահովելու հիմնական ճանապարհը գործարար միջավայրի համար արդար, հավասար, թափանցիկ պայմաններ ստեղծելն է ու չխանգարելը, և այդ գործառույթը ներառում է մի շարք ուղղություններ՝ կոռուպցիայի դեմ պայքար, ստվերի կրճատում, հարկային և մաքսային, դատաիրավական համակարգերի բարեփոխումներ և այլն: Վարչապետը նշել է, որ նախատեսվում է ծրագիրն իրականացնել կարճաժամկետ ու երկարաժամկետ փուլերով, և այդ նպատակով ստեղծվող Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ծառայելու է որպես հարթակ՝ Հայաստանի երկարաժամկետ զարգացման ուղղություններն ուրվագծելու համար:
Կառավարության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է պետական կառավարման համակարգի բարեփոխման առաջնահերթությունը, ինչը թույլ կտա արդյունավետ պետական ապարատ ձևավորել և ստեղծել համապատասխան աշխատանքային միջավայր՝ որակյալ կառավարիչներ ներգրավելու համար:
Ողջունելով ներկայացված ծրագրերն ու բարեփոխումները՝ Բրիջիթ Բրինքը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել Հայաստանի կառավարությանն դրանք հաջողելու գործում:
Հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան գործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող համատեղ ծրագրերին ու անելիքներին: Հակակոռուպցիոն պայքարը հաջողելու հարցում Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել կոռուպցիայի զարգացմանը նպաստող միջավայրի փոփոխությունը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումներում կառավարությունը շեշտը դրել է հենց այդ հանգամանքի վրա: Այս համատեքստում երկուստեք կարևորվել են հանրային մտածելակերպի փոփոխության, հետադարձ կապի և հակակոռուպցիոն մեխանիզմների արդյունավետության բարձրացման ուղղությամբ ակտիվ աշխատանքները, փորձի փոխանակումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև դատաիրավական ոլորտի բարեփոխումների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև մեծ ներուժ ունեցող մի շարք՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության ոլորտներում գործակցության խորացման շուրջ: