կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-06 21:49
Սպորտ

Ըմբշամարտ. անհաջողությունների օր Զագրեբում

Ըմբշամարտ. անհաջողությունների օր Զագրեբում

Խորվաթիայի մայրաքաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այսօր մրցագորգը տրամադրվել է 55, 66, 84 և 120 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշներին: 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող, այս տարվա Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը պայքարն սկսեց 1/16-րդ փուլից: Այստեղ նա 8:0 հաշվով առավելության հասավ կոլումբիացի Տորո Դիտչերի նկատմամբ: Այնուհետև 1/8-րդ փուլում 12:3 հաշվով վստահ հաղթանակ տոնելով պայքարից դուրս թողեց Մոնղոլիայի պատվիրակ Պունտսագ Էրդենեբիլեգին: Սակայն քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը 0:9 հաշվով զիջեց Իրանի ներկայացուցիչ Բեհրուզ Մալեկին: Վերջինս էլ հաջորդ փուլում 0:8 հաշվով տանուլ տվեց Ադրբեջանի պատվիրակին և չհասավ եզրափակիչ: Իսկ դա նշանակում էր, որ Գևորգ Ղարիբյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Այս քաշային կարգում ոսկե մեդալն երեկոյան մրցահերթում կվիճարկի Ռուստամ Տեիշով,Ղրղզստան-Մուրադ Մամադու զույգը:


66 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող այս տարվա Եվրոպայի չեմպիոն Հրանտ Կալաչյանը 1/16-րդ փուլում 15:11 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ստեֆան Կլեմենտին: 1/8-րդ եզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչ Ռուհին Միխայլովն էր, որի հետ գոտեմարտն ավարտվեց 4:4 հաշվով: Եվ միայն վերջինը միավոր վաստակելու համար հաղթանակը շնորհվեց Ադրբեջանի ներկայացուցչին, որն էլ հասավ մինչև եզրափակիչ: Նշենք, որ ադրբեջանցու հետ գոտեմարտում Կալաչյանը դարձավ մրցավարական ակնհայտ կողմնապահության զոհ: Ու թեև նա իրավունք է ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար, սակայն զգացվեց, որ մրցավարական անարդար որոշումից դեռ չէր վերականգնվել ու հոգեբանական ընկճվածությամբ վարելով սփոփիչ գոտեմարտը Եվրոպայի այս տարվա չեմպիոնը 8 :10 հաշվով զիջեց նաև մոլդովացի Դանիել Ցատարագային ու կորցրեց մեդալ նվաճելու վերջին հույսը: 84 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Վարուժան Գրիգորյանը 1/16-րդ եզրափակիչում 8:0 հաշվով հաղթեց իրանցի Ալի Շարիֆիին, 1/8-րդ փուլում էլ դժվարին պայքարում ՝ 3:2 հաշվով առավելության է հասավ Սերբիայի ներկայացուցիչ Վլադիմիր Ստանկիչի նկատմամբ: Սակայն քառորդ եզրափակչում անհաջողության մատնվեց ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ գոտեմարտում՝ տանուլ տալով 0:8 հաշվով: Ու քանի որ հետո ադրբեջանցին հասավ մինչև եզրափակիչ, ապա Վարուժան Գրիգորյանը իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Բայց սփոփիչ մենամարտը անհաջող անցկացրեց ու 1:7 հաշվով զիջելով Շվեդիայի ներկայացուցիչ Էմիլ Սանդահլին՝ նույնպես զրկվեց մրցանակակիր դառնալու հնարավորությունից: 120 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած Էդգար Խաչատրյանը պայքարը լքեց հենց առաջին գոտեմարտից հետո՝ 1/16-րդ փուլում 4:12 հաշվով պարտվելով ուկրաինացի Վլադիսլավ Վորոնինին: Վերջինս էլ իր հերթին հաջորդ փուլում զիջեց ճապոնացի Անադա Սոնոդային:

Այսպիսով՝ առաջնության 2-րդ օրը մրցագորգ ելած Հայաստանի 4 պատվիրակն էլ ձեռնունայն մնացին, ուստի ստիպված ենք բավարավել երեկ մեր ընտրանու նվաճած 1 արծաթե ու 2 բրոզե մեդալներով:

 

Աղբյուր՝ Wrestling.am