կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-28 17:20
Հասարակություն

Երևանում կկառուցվի բազմաբնակարան շենք` 78 սիրիահայ ընտանիքների համար

Երևանում կկառուցվի բազմաբնակարան շենք` 78 սիրիահայ ընտանիքների համար

Մոտ օրերս կմեկնարկեն սիրիահայերին մատչելի բնակարաններ ապահովելու նպատակով «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած շենքի բուն շինարարական աշխատանքները: «Օգնիր եղբորդ» հիմնադրամը սկզբնական փուլում սիրիահայերին օգնում էր սննդամթերթով և առաջին անհրաժեշտության ապրանքներով` Սիրիա ուղարկելով հումանիտար բեռներ և օգնություն:

 

Սիրիայում պատերազմական գործողությունների սրացմանը զուգընթաց` խնդիր առաջացավ Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնության ձեռք մեկնել` ապահովել նրանց օթեւանով: Սկզբում ծրագիր իրականացվեց ԼՂՀ-ում` Բերձորի շրջանում 10 անհատական տների կառուցմամբ, որից հետո մշակվեց Երեւանում սիրիահայերի համար մատչելի բնակարաններով բնակելի շենք կառուցելու ծրագիրը:

 

Այս նպատակով, դեռեւս 1 տարի առաջ քաղաքապետարանից, պետական` կադաստրայի արժեքով, հիմնադրամը Դավիթաշենում 600 քմ հողատարածք ձեռք բերեց, որի տեղում պետք է կառուցվեր բազմաբնակարան սոցիալական նշանակության շենք` 78 սիրիահայ ընտանիքների համար: 2 ամիս առաջ արդեն գործնական փուլ մտան շենքի կառուցման սկզբնական աշխատանքները` թղթաբանության փուլը: Ներկայումս արդեն իսկ ավարտված է շենքի քաղաքաշինական` նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթը, իսկ թույլտվություններն ու ձեւակերպումներն արդեն ավարտված են:

 

Այսպիսով` ամեն ինչ պատրաստ է բուն շինարարական աշխատանքները սկսելու համար, որոնք, ինչպես տեղեկացրեց Թաթուլ Հարությունյանը, հավանաբար կսկսվեն այս տարվա օգոստոսի 1-ից: Դրանք պետք է ավարտվեն շինարարության մեկնարկից հետո` 26 ամսվա ընթացքում: «Շահառուները` մարդիկ, ովքեր ցանկանում են այդ շենքից բնակարաններ ձեռք բերել, պետք է անպայման լինեն սիրիահայեր` Սիրիայի քաղաքացիներ:

 

Ծրագիրը նպատակ ունի օգնել այն սիրիահայերին, ովքեր ցանկանում են տեղափոխվել ու հաստատվել Հայաստանում եւ ունեն բնակարանի խնդիր, որպեսզի նրանց ապահովենք մատչելի բնակարաններով: Ծրագիրը կոմերցիոն` շահույթ հետապնդող ծրագիր չէ, այլ միմիայն բարեգործական է, եւ բնակարանները սիրիահայերի համար կառուցվելու են միմիայն ինքնարժեքով»,- Yerkir.am-ի հետ զրուցյում նշեց «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Թաթուլ Հարությունյանը:

 

Շենքը տեղակայված է լինելու «Արմենիա» հեռուստաընկերության դեմ-դիմաց, Դավիթաշենի կամրջից 350 մետր հեռավորության վրա: Շենքի հեռավորությունը քաղաքի կենտրոնից՝ Օպերայի հրապարակից, կազմում է 4.5 կմ կամ մեքենայով` 9 րոպե:

 

14 հարկերից բաղկացած շենքում նախատեսվում է նախագծել 102 քմ, 81ք, 71քմ եւ 61քմ մակերեսներ ունեցող բնակարաններ: 14-րդ հարկում նախատեսվող պենտհաուսի եւ առաջին հարկում նախատեսվող առեւտրային նշանակության տարածքների վաճառքից գոյացած գումարը բարեգործական նպատակով բաշխվելու է 13 հարկերի 78 բնակարանների շահառուների վրա` լրացուցիչ իջեցնելով ձեռք բերելիք բնակարանների արժեքները:

 

Բնակարանների առքուվաճառքի պայմանագիրը նոտարական հաստատումով կնքելուց հետո կատարվում է 2 միլիոն դրամի չափով կանխավճար` «Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամի բանկային հաշվեհամարին: Մնացած մայր գումարը վճարվելու է 18 ամիսների ընթացքում՝ շահառուի կողմից ներկայացված ժամանակացույցով եւ նրան հարմար գումարային բաժանումով:

 

Ի դեպ, քանի որ այս ծրագիրը կոմերցիոն բնույթ չի կրում, այս շենքի բնակարանների գներն էլ, համեմատած շուկայական գներին, անհամեմատ մատչելի կլինեն: Համեմատելու համար` հարակից տարածքում կառուցվող շենքի 1 քմ-ի շուկայական գինը սկսում է 329 հազար ՀՀ դրամից` 1քմ-ի համար: «Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցվող շենքում 1 քմ-ի արժեքը սկսվում է 230 հազար ՀՀ դրամից: Այսինքն` եթե օրինակ՝ 1 քմ-ն 329 հազար դրամով 88 քմ մակերեսով բնակարանն արժե 28 միլիոն 952 հազար դրամ, կամ 70 հազար 500 ԱՄՆ դոլար, ապա «Օգնիր Եղբորդ» ԲՀ-ի կառուցվելիք շենքում 1 քմ-ը 230 հազար դրամով 88 քմ մակերեսով բնակարանը կարժենա 20 միլիոն 240 հազար դրամ, կամ 49 հազար 245 ԱՄն դոլար: Տարբերությունը՝ 8 միլիոն 712 հազար դրամ կամ 21 հազար 300 դոլար:

 

«Գները վերջական չեն»,- նշեց հիմնադրամի գործադիր տնօրենը եւ հավելեց, որ գները նվազման միտում են ունենալու` պենտհաուսի ու առեւտրային տարածքների վաճառքից գոյացած միջոցների հաշվին: Շինարարության ընթացքում «Օգնիր եղբորդ» հիմնադրամը փորձելու է նաեւ ապահովել նվիրատվություններ, որպեսզի առավելագույնս փոքրացվեն բնակիչների վճարած գումարները:

 

«Այժմ աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, որ սեփականության վկայականները ձեռք բերելուց հետո անմիջապես այդ շենքից բնակարաններ ձեռք բերող սիրիահայերը կարողանան շատ հարմար պայմաններով հիփոթեքային վարկեր ստանալ, որը նրանց կօգնի արագ լուծել իրենց ֆինանսական խնդիրները»,- տեղեկացրեց Թաթուլ Հարությունյանը:

 

Ընդ որում` բնակարանները պետք է տերերին հանձնվեն բնակության համար լիովին պատրաստ վիճակում`առաց կահույքի` ներքին հարդարման աշխատանքները ու կոմունիկացիաների անցկացումն ամբողջությամբ ավարտված: Թաթուլ Հարությունյանը նշեց, որ այս շենքից բնակարաններ ձեռք բերելու ցանկություն հայտնած սիրիահայերի թիվը գերազանցում է նախատեսվող բնակարանների թվին` հետաքրքրությունը մեծ է, եւ արդեն իսկ շահառուներ կան, ովքեր իրենց առաջին փոխանցումները կատարել են:

 

Վերջում «Օգնիր եղբորդ» հիմադրամի գործադիր տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքապետարանի հետ` 2 այլ տարածքներ ձեռք բերելու համար, որպեզի սոցիալական նշանակության բազմաբնակարան շենքերի շինարարությունը դառնա շարունակելի: