կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-19 15:15
Մշակույթ

Կինս եվրոպացի ռեժիսորների ֆիլմերում ավելի լավ է խաղում, քան`իմ. Ցզյա Չժանկե

Կինս եվրոպացի ռեժիսորների ֆիլմերում ավելի լավ է խաղում, քան`իմ. Ցզյա Չժանկե

Չինացի ռեժիսոր Ցզյան Չժանկեն «Ոսկե ծիրանին» ներկայացրեց յոթ ֆիլմ` «Նատյուրմորտ», «Գրպանահատը», «Բեմահարթակ», «Աշխարհը», «Քաղաք 24», «Հասարակական վայրեր» եւ «Կուզեի իմանալ»: Ըստ ռեժիսորի, իր բոլոր ֆիլմերում գլխավորը մարդն է: Նա փորձում է ցույց տալ մարդու և հասարակության կապը և կարծում է, որ այդ հասարակության հիմնական բջիջը ընտանիքն է:

 

«Չինացիների համար առհասարակ ընտանիքը շատ կարևոր է և մեր երկրում կատարվող փոփոխություններն ու զարգացումները ևս մեծ ազդեցություն ունեն չինական ընտանիքների վրա»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:

 

Չինացի ռեժիսորի ֆիլմերից մի քանիսի հերոսուհին հենց իր կինն է, ում հետ սկսել է աշխատել 2000թ.-ից: Ռեժիսորի «Աշխարհը» ֆիլմումում ամբողջը կնոջ պատմած պատմություններն են, որոնք վերջինս տեսել է, երբ աշխատում էր «Աշխարհ» այգում:

 

«Կինս նկարահանվում է նաև այլ` եվրոպացի ռեժիսորների ֆիլմերում: Կարծում եմ, որ նա նրանց ֆիլմերում ավելի լավ է խաղում»,-կեսկատակ-կեսլուրջ ասաց ռեժիսորը:

 

Ցզյա Չժանկեն ուրախ է, որ գտնվում է Հայաստանում և հնարավորություն ունի տեսնել Հայաստանը, ծանոթանալ հայերի հետ, մեր մշակույթի, երգ ու երաժշտության հետ:

 

Խոսելով նկարահանած ֆիլմերի, մարդու և հասարակության մասին, ռեժիսորը փաստեց, որ երբեք չի իմանա, թե հաջորդ ֆիլմը ինչի մասին կլինի: