կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-18 17:33
Մշակույթ

Հայաստանում են Փարաջանովի լուսանկարները, որոնց գոյության մասին վարպետը չի էլ իմացել

Հայաստանում են Փարաջանովի լուսանկարները, որոնց գոյության մասին վարպետը չի էլ իմացել

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում բացվել է Յուրի Գարմաշի` Փարաջանովի լուսանկարների ցուցահանդեսը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Գարմաշը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և դեռ փորձում է եղանակին հարմարվել: Փարաջանովը, ըստ նրա, իր կյանքում մեծ դեր է խաղացել, և ինքը ցանկանում էր ինչ-որ կերպ իր երախտագիտությունը հայտնել նրան:

 

«Բայց մտածում էի՝ այ մարդ, ինչպե՞ս շնորհակալություն հայտնեմ մեկին, ով այժմ արդեն կենդանի չէ: Երկար մտմտալուց հետո հիշեցի` ախր, ես Փարաջանովին շատ եմ նկարել: Ի դեպ, մտածում էի, որ ցուցահանդես կկազմակերպեմ Ուկրաինայում, բայց շատ ճիշտ եղավ, որ այն բացվեց հենց Հայաստանում` Փարաջանովի հայրենիքում»,- ասաց Գարմաշը:

 

Նա նշեց նաև, որ մի շարք լուսանկարների գոյության մասին Փարաջանովը չի էլ իմացել, իսկ մյուսները դժվարությամբ է նկարել, քանի որ պետք է այնպիսի հարմար պահ ընտրել, որ Փարաջանովը չզգա` իրեն նկարում են. «Փարաջանովը հենց զգում էր, որ իրեն նկարում են, իր կանոններն էր թելադրում, իր շուրջն իր թատրոնն էր ստեղծում: Փարաջանովն իր լուսանկարների բեմադրիչն էր, ինքն էր որոշում, թե ինչպե՞ս, ի՞նչ դիրքով կարելի է իրեն լուսանկարել»: