կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-14 13:47
Հասարակություն

«Ոչ թալանին». ստորագրահավաք՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման

«Ոչ թալանին». ստորագրահավաք՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կատարած էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումների ուսումնասիրությունները, 2014 թվականի հուլիսի 1-ին էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերի քննարկումը, ըստ որի որոշվել է սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի բարձր սակագներ (ուժի մեջ կմտնեն 2014 թվականի օգոստոսի 1-ից) և հրապարակած այլ պարզաբանումները վստահություն չեն ներշնչում և կոչ է անում ՀՀ քաղաքացիներին մասնակցել ստորագրահավաքի։ Ստորագրող քաղաքացին միանում է էլեկտրական էներգիայի մատչելի սակագների սահմանման և ստորև ներկայացված պահանջների համար, ինչպես նաև լիազորում «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից ընդունված անձանց ներկայացնել դիմումը ՀՀ պետական համապատասխան մարմիններին՝ իրականացնելու հասարակական պահանջը։

 

1. Ձևավորել հանձնաժողով՝ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, որը վերստուգման և վերահաշվարկի կենթարկի էլեկտրաէներգետիկական համակարգի տվյալ ընկերությունների նախորդ 8 տարիներին ստացած եկամուտները և կատարած ծախսերը, ներառյալ 17,9 մլրդ դրամ մատնանշվող ճեղքվածքը։

 

2. Դարձնել Հանձնաժողովի լիիրավ մասնակից «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության մասնագետներին և ՀՀ ԱԺ պատգամավորներին` յուրաքանչյուր խմբակցությունից մեկական և անկախ պատգամավորներին։

 

3. Ապահովել Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների լիարժեք հրապարակայնությունը։

 

4. Օժտել Հանձնաժողովին այնպիսի լիազորություններով, որոնք հնարավորություն կտան վերոնշյալ գործառույթներն իրականացնել։

 

5. Չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները մինչև Հանձնաժողովի աշխատանքների ավարտը։

 

6. Իրականացնել ՀԾԿՀ-ում էլեկտրական էներգիայի սակագների նվազեցման հարցի ուսումնասիրում և քննարկում Հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո։

 

7. Վերանայել իրավական այն նորմերը, որոնք կարգավորում են տվյալ ոլորտը։ Այն պետք է աշխատի ի նպաստ ՀՀ քաղաքացու՝ չստորադասելով տնտեսվարող սուբյեկտների շահերը։