|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Սոչիում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել է ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր:
Փաստաթղթի ստորագրմանը ներկա են եղել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը: ՀՀ կառավարության անունից համաձայնագիրն ստորագրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, իսկ ՌԴ կառավարության անունից՝ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Համաձայնագրով նախատեսվում է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից:
Համաձայնագիրը նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանից ՌԴ մեկնող քաղաքացիների, այդ թվում աշխատանքային միգրանտների համար: ՌԴ կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Աբրահամյանը ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի ուղեկցությամբ այցելել է Սոչիի օլիմպիական ավան՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Վարչապետի աշխատանքային այցը ՌԴ ավարտվել է և Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան: