|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության շենքի առջև այսօր առավոտյան հանդիպել է բողոքի ակցիա անցկացրած` «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, ովքեր բարձրացրել են իրենց աշխատավարձերի վճարման հարցը:
Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիներին առաջարկել է կազմել 20 աշխատակցից բաղկացած պատվիրակություն և հանդիպել իր մոտ: Կառավարության նիստից հետո վարչապետն ընդունել է «Նաիրիտ»-ի աշխատակիցներին, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Անկաշկանդ զրույցի ընթացքում քննարկվել է ինչպես աշխատավարձերի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի հարցը:
Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ գալիք շաբաթվա ընթացքում աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը և նշել, որ մինչ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը և կմշակվեն դրանից դուրս գալու հնարավոր քայլերը:
Վարչապետը խոստացել է կրկին ընդունել նաիրիտցիներին և նրանց ներկայացնել կառավարության կատարած ուսումնասիրությունների արդյունքները: