Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-07-07 15:50
Հասարակություն

Խնդրահարույց օրենքների գովաբանումը չի կարող լավ կարծիք ձևավորել Ջոն Հեֆֆերնի մասին

Խնդրահարույց օրենքների գովաբանումը չի կարող լավ կարծիք ձևավորել Ջոն Հեֆֆերնի մասին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, իր հայտարարություններում խոսելով կուտակային կենսաթոշակային օրենքի մասին, շարունակում է կողմ արտահայտվել այդ բարեփոխմանը: Նա կողմ էր կառավարության ներկայացրած նախորդ օրենքին, որը ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց, հիմա էլ` կառավարությունը ներկայացրեց երկրորդ օրենքի փաթեթին, որն, ըստ ընդդիմության և «Դեմ եմ» շարժման, կրկին հակասահմանադրական է, քանի որ չի վերացել պարտադիր բաղադրիչը և ավելացել է խտրականությունը: Ջոն Հեֆֆերնը համոզված է, որ ընթացիկ կենսաթոշակային համակարգը երկարաժամկետ կայունություն չի կարող ապահովել Հայաստանում, ուստի անհրաժեշտ է, որպեսզի ստեղծվի կենսաթոշակային ապահովման որևէ այլ մեխանիզմ:

 

Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանը շարունակում կողմ արտահայտվել կուտակային կենսաթոշակային համակարգին, «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները նշեցին, որ դա կապված է ԱՄՆ-ի շահերի հետ:

 

«Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամ Դավիթ Մանուկյանը նշեց, որ լավ կլինի` ԱՄՆ դեսպանը չմիջամտի Հայաստանի ներքին գործերին և արտահայտի իր այն տեսակետները, որոնք վերաբերում են կա'մ իր երկրին, կա'մ ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին: «Ամեն դեպքում դեսպանի մակարդակով նման արձագանքները չեն կարող հենց այնպես լինել: Այդ արձագանքները խոսում են այն շահերի մասին, որոնք ունի ԱՄՆ-ը` կապված կենսաթոշակային ֆոնդերի, կուտակային վճարների շրջանառության հետ:

 

Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը շատ շահագրգռված էին այդ «ռեֆորմով», որովհետև գումարներ են ներդրել, այնպես որ` այս ամեն ինչում ԱՄՆ-ը վերջին դերակատարներից չէ»,- ասաց Դավիթ Մանուկյանը` հավելելով, որ ԱՄՆ դեսպանի հայտարարություններում կա պրագմատիկ ու ռացիոնալ հաշվարկ:

 

Շարժման մասնակիցներից Գևորգ Գորգիսյանի կարծիքով` դեսպանը կողմ է արտահայտվում այդ օրենքին, որովհետև կենսաթոշակային հիմնադրամները, ուր պետք է ուղղվեն քաղաքացիների գումարները, արևմտյան ուղղվածություն ունեն, գումարների մեծ մասը ներդրվելու է արևմտյան երկրներում, մասնավորապես` ԱՄՆ-ում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի կողմից իրականացվող գործարքներում:

 

Բացի դրանից` ըստ Գևորգ Գորգիսյանի` ամերիկյան USAID-ը նույնպես մեծ ներդրումներ է կատարել` Հայաստանում կենսաթոշակային համակարգի բարեփոխման համար: «Դեմ եմ պարտադիրին» շարժման մեկ այլ մասնակից` Արտուշ Չիբուխչյանը, կարծիք հայտնեց, որ դեսպանը հաստատ օգուտ ունի, որ անընդմեջ կողմ է արտահայտվում կենսաթոշակային կուտակային համակարգին:

 

Հիշեցնենք, որ asekose.am կայքին տված հարցազրույցում Ջոն Հեֆֆերնը, խոսելով երկրորդ կենսաթոշակային օրենքից քաղաքացիական հասարակության դժգոհության մասին, ասել է. «Սա իմ երկիրը չէ, ես չեմ կարող ասել, թե ինչպիսին պետք է լինի լուծումն այս հարցի վերաբերյալ»:

 

Այս արձագանքի վերաբերյալ Դավիթ Մանուկյանը նշեց. «Այնտեղ, որտեղ իր շահագրգռվածությունը չկա, նա հայտարարում է. «Սա իմ երկիրը չէ» : Չեմ մեղադրում, որովհետև իրականում որևէ այլ երկրի չի հուզում, թե ինչ խնդիրներ կան Հայաստանի քաղաքացիական դաշտում: Բայց, մյուս կողմից էլ, պետք է մի քիչ համեստ լինեն, որովհետև ակնհայտ ձևով օրինախախտ, հակասահմանադրական, խնդրահարույց օրենքների գովերգումը չի կարող հանրության մեջ լավ կարծիք ձևավորել որևէ երկրի դեսպանի մասին»:

 

Ըստ Դավիթ Մանուկյանի` ԱՄՆ դեսպանը ընդամենը պետք է լուռ ու մունջ հետևի, թե ինչ է կատարվում Հայաստանում և արձագանքի միայն ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին:

 

Գևորգ Գորգիսյանն էլ նշեց. «Ճիշտ է ասում մարդը, սա իր երկիրը չէ, և ինքը պարտավոր չէ իմանալ մեր խնդիրների մասին: Մենք ունենք կառավարություն, որը, իմանալով այդ խնդիրների մասին, պետք է ելներ իր ժողովրդի շահերից, իսկ մենք տեսնում ենք լրիվ հակառակ պատկերը»:

 

Արտուշ Չիբուխչյանը նշեց, որ եթե դեսպանը չի ուզում խառնվել մեր երկրի խնդիրներին ու չգիտի լուծումները, ուրեմն իրավունք էլ չունի կողմ արտահայտվելու այս օրենքին: «Ինքը նախ թող ծանոթանա մեր խնդիրներին, նոր կարծիք հայտնի, չէ՞ որ մենք, ծանոթ լինելով բոլոր խնդիրներին, ավելի լավ գիտենք` այդ համակարգը ճի՞շտ է աշխատեցնելը, թե՞ սխալ»,- ասաց նա: