Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովրդագրության աճը միշտ եղել է իմ գլխավորած կառավարության ուշադրության կենտրոնումՙ ըստ Yerkir.am-իՙ այսպիսի գրառում է արել Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ և ԱՀ նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու առաջադրվելու որոշում կայացրած Արայիկ Հարությունյանը:
ՙՙՄեր ամենահաջողված նախագծերից եմ համարում այդ ուղղությամբ իրականացված պետական սոցիալական ծրագրերը, քանի որ վերջին ավելի քան մեկ տասնամյակում մեր հանրապետությունում ծնելիության աճը ոչ միայն այդ քաղաքականության արգասիքն է, այլ մեր բոլորիս հաջողությունը, որն անձամբ ինձ համար մի քանի անգամ առավել է, քան տնտեսական որևէ առաջընթաց: Ի վերջո, բոլոր հաջողությունների հիմքում մարդն է, որը բացարձակ արժեք է: Բայց արի ու տես, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը փորձում է հանրության շրջանում թյուր կարծիք ձևավորել և ջուրը նետել այսքան տարիների մեր աշխատանքը:
«Արդարություն» կուսակցության համագումարի ժամանակ նրա հնչեցրած ելույթը, որն ընդունվեց բուռն ծափահարությամբ, սաստիկ վրդովմունք է պատճառել ինձ: Բոլոր քննադատություններին, որոնք հնչել են իմ գլխավորած կառավարության հասցեին, դեռ կանդրադառնամ, բայց Բալասանյանի՝ ժողովրդագրության քաղաքականությանն ուղղված հայտարարություններին չարձագանքել չէի կարող:
Ի՞նչ է նշանակում բազմազավակ ընտանիքներում «անառողջ» երեխաներ են մեծանում (ի դեպ, Հիտլերն էր այդպես մտածում), ո՞վ է այդպիսի անպատասխանատու հայտարարություն անելու իրավունք տվել որևէ մեկին:
Թեմային անդրադառանալու համար ներողություն եմ խնդրում մեր հանրապետության բոլոր բազմազավակ ընտանիքներից, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություններ ունեմ` հատկապես Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում ապրող 13 զավակների հայր Շահեն Մարգարյանից, ում ընտանիքի քավորն եմ հանդիսանում, և Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղում ապրող 15 զավակների հայր Սերգեյ Պողոսյանից, որի ընտանիքի հետ ևս ջերմ բարեկամներ ենք: Շահենի և Սերգեյի օրինակելի ընտանիքները ապրում է ինքնաբավ, ունեն զինվորական զավակներ, առողջ ու խելացի երեխաներ են դաստիարակում՝ այն դեպքում, երբ մեկ կամ երկու երեխա ունեցող շատ ընտանիքներ, այդ հարցում, նրանց համեմատ, շատ անելիքներ ունեն: Իսկ բազմազավակությունն անառողջ սերունդ ունենալու, սոցիալապես անապահով լինելու հետ կապելը առնվազը թյուրըմբռնման արդյունք է: Փոխարենը կարող եմ նշել, որ, ցավոք, քիչ չեն այն դեպքերը, երբ ընտանիքի անգամ առաջին ծնունդն առողջական խնդիրներ է ունենում կամ երկու-երեք երեխա ունեցող ընտանիքների եկամուտները նվազագույն սպառողական զամբյուղին չեն համապատասխանում: Եվ դա մեր բոլորիս խնդիրն է: Այսինքն ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ…
Ընտանիքը սրբություն է, և երիցս դատապարտելի է որևէ անձնական նպատակի համար այն շահարկման թեմա դարձնելը…
Տեղին եմ համարում հիշել նաև մեծ պատմավիպասան, Արցախի հպարտություն Մուրացանի խոսքերը, որ հայրենիքը սկսվում է հեռավոր գյուղերի բազմազավակ ընտանիքներից: Թույլ տվեք շարունակել մեծ գրողին և հավաստիացնել, որ այդ ընտանիքները մշտապես գտնվելու են մեր կուսակցության հատուկ ուշադրության կենտրոնում:
Հ.Գ
Քաղաքական սպասվող իրադարձություններում ժողովրդին «դուր» գալու համար թեկնածուներից ու քաղաքական ուժերից շատերը, համոզված եմ, տարբեր միջոցների կդիմեն, բայց հորդորում եմ պահել սոցիալական պատասխանատվության չափը, ոտնակոխ չանել այն արժեքները, որոնց համար ապրում ենք և իմաստավորում մեր կյանքը՚՚,-գրել է նա: