Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում «Պաշտպանության մասին» օրենքի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հիմնական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից, թե ինչպե՞ս են հարաբերվելու «ՊՆ-ի մասին» և «Անվտանգության խորհրդի մասին» օրենքները, նաև հարցրեց` ե՞րբ է ԱԺ քննարկմանը ներկայացվելու «Անվտանգության խորհրդի մասին» օրենքը, որպեսզի հակասություններ չլինեն դրանցում:
Ըստ նախարարի` այս օրենքը մի գործ է կատարում` բնորոշել այն հասկացությունը, որը դրված է Սահմանադրությունում պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների ձևակերպման մեջ: «Մենք այս օրենքով բացում ենք, թե պաշտպանության ոլորտի ո՞ր հիմնական ուղղություններն են, որ պետք է դառնան անվտանգության խորհրդի գործունեության դաշտ»,- պարզաբանեց նա:
Նախարարը նաև հայտնեց, որ անվտանգության խորհրդի մասին օրենքի նախագիծը քննարկման փուլում է, և ՊՆ-ն ներգրավված է այդ քննարկումներում` որպես շահագրգիռ կողմ: Միևնույն ժամանակ նա նշեց` քանի որ իրենց նախարարությունը չի վարում այդ նախագծի գործընթացի կառավարման պրոցեսը, ապա չի կարող նշել, թե երբ օրենքը կստեղծվի, սակայն հավաստիացրեց, որ այդ երկու օրենքներն ամբողջությամբ ներդաշնակեցվում են, որպեսզի հակասություններ չլինեն:
Նահապետյանը նաև հետաքրքրվեց զինված ուժերը կամավորականությամբ համալրելու խնդրով:
Նախարարը պատասխանեց. «Զինված ուժերի համալրումը կամավորականության սկզբունքը հարազատ է մեր ժողովրդին: Կամավորական շարժումը մեծ ներուժ ունի և պետք է լիարժեք իրավակարգամավորման հիմքով տեղ գտնի օրենսդրության մեջ: Մենք թողել ենք այդպիսի հնարավորություն այս նախագծերի մեջ: Կամավորականությունը չպետք է խանգարի սահմանադրական նորմերի կատարմանը»,- ասաց նա, ապա շեշտեց, որ «կամավորականությունը վերանում է զինկոմիսարիատի դռան մոտ»: