Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Empyray» ռոք-խումբը նոր մենակատար ունի' Եվա Սուջյանին այսուհետ կփոխարինի 19-ամյա Սուրեն Պողոսովը: Նրան հանրությանը ներկայացնելու համար խումբն արդեն նոր երգ ունի /«Եթե անգամ ուշանամ»/' նոր վոկալիստի կատարմամբ: Սուրենը տարիներ առաջ մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության երկու երաժշտական նախագծերին' «Հայսուպերսթար 5»-ին եւ «X Factor 1»-ին:
-Ռոքի հետ կապը մինչև ո՞ւր է հասնում, որտեղի՞ց ես սկսել:
-Որ ասեմ' ռոք սկսել եմ սիրել «Empyray» խմբի միջոցով, չե՞ք հավատա: 8-9 տարի առաջ էր, ամբողջ օրն իրենց առաջին սկավառակն էի լսում, երևի մի կես տարի միայն իրենց երգերն էի լսում, բոլորն երգերն արդեն անգիր մտքումս հնչում էին: Այդ ժամանակ ո'չ կիթառ էի նվագում, ո'չ էլ երգում էի, այսինքն' ուզում էի երգել, բայց տնեցիները ծիծաղում էին վրաս:
-Ինչո՞ւ ընտրությունդ ռոքի վրա կանգ առավ, մանավանդ' երբ փոքր հասակում դաշնամուրի ես գնացել:
-Հետաքրքիր մի բան ասեմ' փոքր տարիքում երաժշտություն շատ էի սիրում, հետո բավական երկար ժամանակ չէի սիրում ոչ մի տիպի երաժշտություն, ուղղակի չէի լսում ոչինչ: Մի օր «Empyray»-ի «Մի երկինքը» լսեցի, այն էլ' կիսատ-պռատ, գովազդում էին, ու հենց երգի սկիզբը կիթառով էր սկսվում: Մի տեսակ գրավեց ու տարավ ինձ: Հետո արդեն սկսեցի կիթառ նվագել ու երգել, բայց` ոչ հայերեն, միայն արտասահմանյան երգեր էի կատարում: Ռոք խումբ ունեի, որը երկու տարվա կյանք ունեցավ, քանի որ առաջ եկան ուսումնարան ընդունվելու և բանակ գնալու հարցերը:
-«Empyray»-ին միանալու որոշումն ինչպե՞ս կայացվեց:
-Գիսանե Պալյանը զանգահարեց և ասաց, որ մի նախագիծ կա, որին ուզում են, որ ես էլ մասնակցեմ: Ես առողջական խնդիրներ ունեի' ձայնիս հետ կապված, ու մի քիչ ժամանակ էր պետք: Ես չգիտեի, որ հենց «Empyray»-ի մասին է խոսքը, հետո, երբ հանդիպեցինք, շոկային վիճակ էր, չէի պատկերացնում ինձ խմբի մեջ: Դժվար է ու շատ մեծ է պատասխանատվությունը, ես հայերեն երբևէ չեմ երգել, բայց ցանկությունը մեծ է, և պատրաստ եմ անել ամեն ինչ, ինչ ինձնից է կախված:
-Այն, որ այժմ փիլիսոփայություն ես սովորում, որքանո՞վ կօգնի քեզ ռոքի շերտերում խորանալուն:
-Կարծում եմ' փիլիսոփայության կարևորագույն դերերից մեկն էլ մարդուն օգնելն է գոյի մեջ իր դերը հասկանալու գործում, իսկ ռոքն ինձ համար մի տարածք է, որտեղ ես ինձ եմ գտնում, լինում այնպիսին, ինչպիսին կամ: Ես հենց այդկերպ եմ պատկերացնում իմ մեջ ռոքի և փիլիսոփայության համագործակցությունը' նրանք ինձ դեպի իմ «ես»-ն են տանում:
Կարինե Հարությունյան