կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-01 16:34
Մշակույթ

Արա Արծրունին պարգևատրվել է «Վիլյամ Սարոյան» մեդալով

Արա Արծրունին պարգևատրվել է «Վիլյամ Սարոյան» մեդալով

Այսօր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լիբանանահայ գրող Արա Արծրունուն պարգևատրել է «Վիլյամ Սարոյան» մեդալով:

 

Բարձր գնահատելով Արա Արծրունու հրապարախոսական, գրական գործունեությունը հայապահպանության, հայոց լեզվի և մշակույթի պահպանության և զարգացման հարցերում՝ նախարարը, մասնավորապես, նշել է. «Ինձ համար ամենակարևորն այն է, որ Արա Արծրունին ստեղծագործում է հայերեն, քանի որ հայապահպանության գլխավոր նախապայմանը հայերեն խոսելն ու ստեղծագործելն է, հատկապես` համաշխարհայնացման դարում»:

 

Անդրադառնալով Արա Արծրունու գրական ժառանգությանը՝ նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշել է, որ թատերգության ժանրը գրական համեմատաբար դժվար տեսակ է, և Արա Արծրունին ժամանակակից լիբանանահայ դրամատուրգիայի կենդանի դասականն է: Մասնավորապես` մեծարժեք են նրա «Մժեղը», «Լռության սինֆոնիա», Զանգը» դրամաները:

 

Լիբանանահայ թատերագիր, արձակագիր և հրապարակագիր Արա Արծրունին ծնվել է 1932 թվականին Բեյրութում։ Հեղինակ է ազգային և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների։ Աշխատակցել է լիբանանահայ մամուլին («Բագին», «Կամար», «Սփյուռք», «Արծիվ» և «Ազդակ»)։ Հեղինակել է մի շարք թատերգություններ, որոնց մի մասը բեմադրվել է, իսկ մյուսը՝ հրատարակվել: Մինչ այժմ հրատարակվել են հեղինակի 9 թատերգությունները (արևմտահայերեն և արևելահայերեն): Հեղինակ է նաև մի շարք վեպերի և վիպակների՝ «Ծովինար», «Սպիներ», «Հերցոֆ» «Վիրավոր ծիծեռնակը», «Եղեռնի հետքերով»: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ Լևոն Մութաֆյանը 2010 թվականին հեղինակել է «Արա Արծրունու թատերգությունը» մենագրությունը (247 էջից):