Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Երեկ Երևանի Կապույտ մզկիթում բացվեց ֆոտոլրագրող Սոնա Ադամյանի «Երկխոսություն Կապույտ մզկիթում» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի խորագիրը, ըստ Ադամյանի, պատահական չէ ընտրվել` իրանցիների նամազը երկխոսություն է իրենց աստծո հետ:
«Երկու շաբաթ անցկացրել եմ մզկիթի իմամի /հոգեւորական/ Հաջի աղա Շաջաանի ընտանիքի հետ, ծանոթացել նրանց ավանդույթներին ու հարյուրավոր լուսանկարներից ընտրել միայն քսանը: Կապույտ մզկիթը հայ եւ իրանական մշակույթների երկխոսության խորհրդանիշն է, իսկ ցուցահանդեսը` կրկին երկխոսություն` մեր և իրանական մշակույթի միջև»,- ասաց Ադամյանը:
Ֆոտոլրագրողը նշում է, որ սկզբում մզկիթի և մուսուլմանների ավանդույթների մասին շատ բան չգիտեր, գիտեր միայն, որ մզկիթ մտնելիս անհրաժեշտ է կոշիկները դրսում թողնել և գլխաշոր կրել, բայց հետո, երբ սկսել է ուսումնասիրել նրանց ավանդույթները, պարզել է` ամեն ինչ լուսանկերների մեկ շարքով ներկայացնելը դժվար է:
«Մտածում էի` միայն կրոնական կողմին անդրադառնալ, բայց հասկացա` չեմ կարող ամբողջությամբ այն ներկայացնել 20-30 լուսանկարների միջոցով, քանի որ միայն սեղան նստելու համար նրանք 40 օրենք ունեն»,- ասաց Ադամյանը:
Լուսանկարները եկել էր դիտելու նաև իմամ Հաջի աղա Շաջաանին: Նրա համոզմամբ` դժվար է իրանական մշակույթը ներկայացնել ընդամենը մի քանի նկարով, սակայն Ադամյանին հաջողվել է ընդհանուր պատկերացում տալ այդ մասին:
«Նման ցուցահանդեսները հայ-իրանական մշակույթների երկխոսության վառ ապացույցն են: Ուզում եմ, իրոք, շնորհակալություն հայտնել Սոնային, ով կարողացել է մեր մշակույթի կարևոր բաղադրիչները որսալ: Ինձ հատկապես դուր եկավ այն լուսանկարը, որում բոլորն աղոթում են, իսկ երեխան նայում է: Սա շատ խորը լուսանկար է, այն շատ շերտեր ունի և շատ բան է ասում մեր կրոնական ավանդույթների մասին»,- ասաց իմամը:
Խորհրդային միության փլուզումից հետո շուրջ 22 տարի մզկիթը չի ունեցել իմամ: Միայն մեկ տարի առաջ, ականջալուր լինելով Հայաստանում ապրող իրանցիների խնդրանքին, Թեհրանը Հայաստան է գործուղում հոգեւորական` իմամ Հաջի աղա Շաջաանին, ով իր տիկնոջ` Զահրա Քարգոզարի հետ միասին արդեն մեկ տարի է` բնակվում է Երեւանում եւ իրականացնում իսլամի գլխավոր ծեսը` նամազը:
Ցուցահանդեսը կգործի մինչ հուլիսի 4-ը։