կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-21 16:34
Իրավական

Մամիկոն և Արսեն Խոջոյանների հարցով Հայաստանը կարող է դիմել Եվրոպական դատարան

Մամիկոն և Արսեն Խոջոյանների հարցով Հայաստանը կարող է դիմել Եվրոպական դատարան

Արդարադատության նախարարությունը քննարկում է Մամիկոն և Արսեն Խոջոյանների հարցով Եվրոպական դատարան դիմելու հարցը: Այս մասին Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում ասաց արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը:

 

«Այս պահին պարզապես հիմքերն են ուսումնասիրում, և տեղեկություններ ենք հավաքում: Համագործակցում ենք նաև համապատասխան շահագրգիռ կողմերի հետ, նաև միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ: Ես որքանով տեղյակ եմ, ներկայացվել էին նաև միջազգային համապատասխան կազմակեպություններին փորձաքննության` այդ անձանց նկատմամբ վերաբերմունքի հետ կապված հարցերը, և համապատասխան հիմքերի առկայության դեպքում արդեն ավելի ռեալ կքննարկենք մենք այդ հարցը»,- ասաց Արման Թաթոյանը:

 

Նա հավելեց, որ միջազգային կազմակերպությունների զեկույցներում մշտապես քննադատվում է, թե ինչ վերաբերմունքի են արժանանում Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիները:

 

ՀՀԿ խմբակցության պարտգամավոր Մարգարիտ Եսայանը ողջունեց համապատասխան փաստաթղթերով Եվրոպական դատարան դիմելու մտադրությունը:

 

Եսայանը հիշեցրեց, որ Ադրբեջանը առիթը բաց չի թողնում շինծու առիթների դեպքում Հայաստանի դեմ դատեր հարուցելու: Մինչդեռ Հայաստանը օբյեկտիվ փաստեր ունի միջազգային ատյաններում իր երկրի սահանին տիրող իրավիճակը ներկայացնելու համար:

 

Մարգարիտ Եսայանն ասաց, որ երբ Ադրբեջանի քաղաքացի է պատահաբար հատում Հայաստանի սահմանը կամ հանձնվում, ապա Հայաստանը, հարգելով միջազգային օրենքները, ապաստան է տրամադրում այդ անձին կամ վերադարձնում` ի տարբերություն Ադրբեջանի:

 

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, հոգեկան խնդիրներ ունեցող, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանում: Թշնամին խոշտանգել էր ծերունուն, ինչի հետևանքով վերջինս հայրենիք վերադարձվելուց հետո մահացավ: Իսկ նրա ազգականը` նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Խոջոյանը, գերությունից վերադարձվելուց հետո առողջական լուրջ խնդիրներ ունի: