Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վերնիսաժ»-ի մոտ մայիսի 17-ին արձակված կրակոցներից վիրավորված, գործով որպես վկա անցնող Վալերի Հովհաննիսյանի ու Նորայր Հարությունյանի նկատմամբ ոստիկանությունը խիստ հսկողություն է իրականացնում: Հիշեցնենք, որ նրանք, ինչպես նաև կրակոցներից տուժած մյուս քաղաքացիներն այժմ գտնվում են թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:
Yerkir.am-ի լրագրողի` այսօրվա այցելության ժամանակ հիվանդանոցում հերթապահում էր ոստիկանության քննչական ծառայության 5-6 աշխատակից: Վալերի Հովհաննիսյանի հիվանդասենյակի դիմաց հսկողություն իրականացնող մի տղամարդ, ով չցանկացավ ներկայանալ, yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Վալերին չի ցանկանում խոսել:
Հիշյալ քաղաքացուց փորձեցինք ճշտել` արդյո՞ք նա կապ ունի Վալերիի հետ և արդյո՞ք տեղյակ է նախկին ոստիկանապետի` Վալերիի հասցեին արած հայտարարությանը: Նա պատասխանեց. «Յուրաքանչյուր ոք կարող է յուրովի մեկնաբանել, անձը չի կարող մեկնաբանել, առավել ևս տեղեկացված չի, ո՞նց կարող ես հարցեր տալ»: Ապա հրաժարվեց մեր մյուս հարցերին պատասխանել:
Նորայր Հարությունյանին խնամողներից մեկն էլ (ռուսախոս երիտասարդ աղջիկ, ով նույնպես չցանկացավ ներկայանալ) yerkir.am-ին հայտնեց, որ Նորայրը չի ցանկանում այդ թեմայով խոսել: Անդրադառնալով նախկին ոստիկանապետի հայտարարությանը` նա ասաց, որ ինչքան էլ նման հայտարարություններ լինեն, դրանք չեն կարող ազդել մարդու անմեղության վրա: Աղջկա խոսքով` Նորայրը միջադեպը չի հրահրել, և դա կպարզվի:
Նշենք, որ այսօր yerkir.am-ի լրագրողը փորձել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամլո պատասխանատու Ալեքսանդր Հարությունյանից ճշտել կրակոցներից տուժած` 27-ամյա Մյասնիկ Հայրապետյանի առողջական վիճակի մասին: Մեր լրագրողին հայտնել էին, որ հիվանդի վիճակը բարելավվել է, սակայն նա դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է:
Հետաքրքրական է, որ մեր այցելության ժամանակ վերակենդանացման բաժանմունքի բժիշկները հայտնեցին, որ Մյասնիկը երկու օր է, ինչ տեղափոխվել է վնասվածքաբանական բաժանմունք և գտնվում է հիվանդասենյակում, սակայն տվյալ բաժանմունքից էլ տեղեկացանք, որ նման հիվանդ իրենք չեն ընդունել: Տարօրինակ էր նաև վնասվածքաբանական բաժանմունքի բժիշկներից մեկի պահվածքը:
Մեզ հետ զրույցում Նորայր Հարությունյանի բժիշկը նշեց, որ իր մյուս հիվանդների առողջական վիճակի մասին տեղեկություններ կարող է տալ, սակայն այս դեպքից տուժածների մասին` ոչ: Սակայն, այնուամենայնիվ, պատասխանելով մեր մի քանի հարցի, բժիշկը հայտնեց, որ Նորայրի վիճակը, խոսակցական լեզվով ասած, «միջին» է: «Ես գտնում եմ, որ ամեն ինչ վատ չի, չեմ ասում իդեալական է, միջին է նրա առողջական վիճակը»,- ասաց նա և հավելեց, որ Նորայրի դուրս գրվելու մասին առայժմ խոսք լինել չի կարող:
Հիշեցնենք որ մայիսի 17-ին՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժ»-ի մոտ կրակոցներ են հնչում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օրերս էլ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով այս միջադեպին, հայտարարել էր, որ ինքն էլ լիներ Գոռի տեղը նույն կերպ կվարվեր, օրինական զենքով իրեն կպաշտպաներ, քանի որ, ըստ իրեն հասած տեղեկությունների, միջադեպի մասնակիցներն (Նորայրը և Վալերին) իրենց շատ վատ են պահել, ակնհայտ ցինիզմ են դրսևորել Գոռի կնոջ և երեխայի ներկայությամբ: