կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-25 16:25
Իրավական

Ոստիկանները թաքցնո՞ւմ են 3 եղբայրներին դանակահարածներին

Ոստիկանները թաքցնո՞ւմ  են 3 եղբայրներին դանակահարածներին

Հունիսի 23-ի երեկոյան Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում տեղի ունեցած դանակահարության հետեւանքով հիվանդանոց տեղափոխված Սիմոն Հովհաննիսյանը նոր էր վերադարձել ծառայությունից:  Տիգրան և Սիմոն Հովհաննիսյանների հոր` Արթուր Հովհաննիսյանի խոսքով` ոստիկանները  բաց են թողել իր որդիներին և եղբոր որդուն` Իսրայելին  դանակահարածներին, փոխարենը բռնել են երկու խեղճուկրակի, ովքեր մասնակցել են վիճաբանությանը, սակայն դանակահարության հետ կապ չունեն:

 

Ի դեպ, թեև Տիգրան և Սիմոն Հովհաննիսյանների վիճակը կայուն է, և նրանք կարողացան անգամ դեպքի վերաբերյալ մանրամասներ պատմել yerkir.am-ի լրագրողին, սակայն մինչ այժմ նրանք չեն հարցաքննվել, ավելին` ոստիկանությունից որևէ մեկը չի զրուցել նրանց հարազատների հետ:

Հիշեցնենք, որ ոստիկանությունից yerkir.am-ին հայտնել էին, որ ըստ բժիշկների տեղեկանքի` նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

 

«Ոստիկանները գիտեն իրական մեղավորին, բայց թաքցնում են: Թող անուններն ասեն, հակառակ դեպքում` կգնամ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ»,yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արթուրը:

 

Արթուրի կինը` տիկին Վարդիթերը, պատմեց, որ տղաներին ոչ միայն  ծեծել են, այլև ծաղրել նրանց: Ըստ նրա` դանակը փորձել են մտցնել մեծ տղայի` Տիգրանի սիրտը, սակայն նա ձեռքերով պահել է դանակը, ինչի արդյունքում խոր վնասվածքներ է  ստացել: Տիգրանին հնարավոր է այսօր վիրահատեն:

 

Իսկ Սիմոն Հովհաննիսյանն արդեն վիրահատվել է: Ներկայումս նրա վիճակը միջին ծանրության է:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի բժիշկ Արամ Բորոյանի խոսքով` Սիմոն Հովհաննիսյանի վերքերը վերջույթների և կրծքավանդակի շրջանում առկա են բազմաթիվ կտրած, ծակած վերքեր: «Հիվանդը վիրահատվել է,  վիճակը բավարար է,  ստացիոնար բուժում է ստանում, մոտակա մի քանի օրը կգտնվի բաժանմունքում»,- yerkir.am-ի զրույցում ասաց Ա. Բորոյանը:

 

Դանակահարված տղաներից Իսրայել Հովհաննիսյանն էլ ենթարկվել է թոքի վիրահատության և  գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Թեև տղան առավոտից ինքնուրույն է շնչում, սակայն բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր:

 

 

Դանակահարված երիտասարդների հարազատների խոսքով` իրական մեղավորն  էլցանցի նախկին պետի որդին է` իրենց համագյուղացի Գևորգ Հակոբյանը, ում աները  Երկրապահ կամավորական ջոկատի անդամ է և բարձր պաշտոն է զբաղեցնում: Մարմարաշենում մեզ հայտնեցին նաեւ, որ ոստիկանները փորձում են կոծկել իրական հանցագործներին, իսկ ինչ-որ մարդիկ հերթապահում են Գևորգ Հակոբյանենց տան դիմաց:  

 

Իսկ թե ինչի՞ց է ծագել վեճը, ո՞վ, ինչպե՞ս է դանակահարել և այլ մանրամասներ` yerkir.am-ի տեսանյութում: