կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-27 13:52
Քաղաքական

Ըստ Դավիթ Հարությունյանի` ընդդիմությունը պետք է ունենա վերահսկողական լծակներ

Ըստ Դավիթ Հարությունյանի` ընդդիմությունը պետք է ունենա վերահսկողական լծակներ

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով` ընդդիմությունը պետք է ունենա վերահսկողական որոշակի լծակներ: Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով ընդդիմության դերակատարման մեծացման մասին, նա նշեց, որ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, սակայն պետք է նայել` արդյո՞ք այս փուլում իշխանությունը պատրաստ է դրան, և նաև պետք է ուսումնասիրել այլ երկրների փորձը:


«Պետք է ուսումնասիրել  այն երկրների փորձը, որոնք գտնվում են կուսակցությունների կայացման այն փուլում, որում մենք ենք գտնվում: Բայց ես ամենևին չեմ  մեղադրում ընդդիմությանը չկայացման մեջ, հավասարապես իմ խոսքը վերաբերում է քաղաքական դաշտին: Մենք դեռևս չենք կարողացել կայացնել մեր քաղաքական դաշտը, դա գաղտնիք չէ, և դրա մասին իր ելույթում նշել է նաև նախագահը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:


Ինչ վերաբերում է ընդդիմության իրավունքներին, նա նշեց, որ եթե համադրենք ընդդիմության իրավունքները տասը տարի առաջվա հետ, ապա կա վիթխարի տարբերություն, որովհետև տասը տարի առաջ ընդդիմության ներկայացուցիչը չէր կարող լինել որևէ ընտրական հանձնաժողովի նախագահ կամ տեղակալ, ԱԺ հանձնաժողովի նախագահ կամ տեղակալ, խորհրդարանի հարթակ հասցնել որևէ օրենսդրական նախաձեռնություն, որին դեմ է քաղաքական մեծամասնությունը:


Հարցին` դրա համար ընդդիմությունը շնորհակալ է՞, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Բայց չպետք է շնորհակալ լինի, մենք խոսում ենք նորմալ քաղաքական զարգացման մասին»: