կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-22 12:59
Հասարակություն

Ի վերջո, Մամիկոն Խոջոյանին ադրբեջանցիները կերոսին ներարկե՞լ էին, թե՞ ոչ

Ի վերջո, Մամիկոն Խոջոյանին ադրբեջանցիները կերոսին ներարկե՞լ էին, թե՞ ոչ

Ադրբեջանական գերությունից վերադարձված Մամիկոն Խոջոյանի խոշտանգումների փաստն անհերքելի է. նա բազմաբեկոր բաց վնասվածքներ է ունեցել, վիրահատվել է, մայիսի 3-ին դուրս է գրվել հիվանդանոցից, դրանից հետո գտնվել է բժիշկների հսկողության տակ. լրագրողներին կառավարության նիստից հետո ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով Մամիկոն Խոջոյանի մահվան հանգամանքներին:

 

Հիշեցնենք, որ նախկին գերին մայիսի 20-ին մահացել է, եւ նրա հարազատները պնդում են, թե մահը վրա է հասել, քանի որ Ադրբեջանում նրան կերոսին են ներարկել, որն էլ Խոջոյանին դանդաղ հասցրել է մահվան:

 

Կերոսինի ներարկման վարկածը առողջապահության նախարարը ո'չ հերքեց եւ ո'չ էլ հաստատեց' նշելով, թե պաշտոնապես կհրապարակվեն բոլոր նյութերը' կապված Մամիկոն Խոջոյանի հետ:

 

«Կարող եմ ասել, որ նա մշտապես եղել է առողջապահական մարմինների հսկողության ներքո, երեք շաբաթվա ընթացքում 3 անգամ նրան բժշկական խումբ է այցելել' բաղկացած 3 մասնագետներից' նյարդաբան, որը նաև հոգեբույժ էր, թերապեւտ եւ վիրաբույժ: Եվ բուժքրոջ այցելություններ են եղել ամեն օր: Եղել է նրան  հիվանդանոց տեղափոխելու առաջարկ, որից հարազատները հրաժարվել են, եւ ամիս 20-ին` ժամը 19.15-ին, ինչպես գիտեք,  եղել է ահազանգ հարազատների կողմից: Շտապ օգնությունը, չնայած հեռավորությանը' 12 կիլոմետր Բերդից մինչեւ Վերին Կարմիրաղբյուր, ժամանակին հասել է տեղ, բայց փրկել չի հաջողվել, եւ Մամիկոն Խոջոյանը մահացել է»,- մանրամասներ ներկայացրեց Արմեն Մուրադյանը:

 

Առողջապահության նախարարը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ «Վերնիսաժ»-ի մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորվածների առողջական վիճակին եւ հայտնեց, որ բոլորն էլ բավարար վիճակում են, իսկ նրանցից երեքն արդեն տեղափոխվել են հիվանդասենյակներ: