Աշնանային զորակոչին արդեն իսկ մի քանի հազար երիտասարդներ զորակոչվել ու նվիրական ծառայության են անցել ՀՀ զինված ուժերում:
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Պաշտպանության նախարարը հստակ պահանջ է առաջադրել բոլոր պատասխանատուներին խստագույնս պահպանելու օրինականության և արդարության սկզբունքները զորակոչի գործընթացում: Հետևողական քայլեր են արվում զորակոչից զորակոչ բացասական երևույթները չեզոքացնելու, անարդարության, հովանավորչության ու կաշառքի սողանցքները փակելու, շահադիտական նկրտումներից գործընթացը զերծ պահելու ուղղությամբ:
Հասարակական խորհուրդը տեղեկանում է փաստերի, որոնք վկայում են ինչպես ձեռնարկված միջոցառումների արդյունավետության, այնպես էլ հասարակության շրջանում դրանց դրական ընկալման մասին: Սակայն կան բախտախնդիրներ, ովքեր հանդիպելով փակ դռների` «գործ դասավորելու» սին խոստումներ են տալիս մարդկանց` խաղադրույք կատարելով պատահականության վրա, և եթե «բախտը ժպտում է»` փոխհատուցում են շորթում իրենց չարած գործի համար: Ահա թե ինչու այս երևույթը կնքվել է «Բինգո» բնորոշ անունով: «Բինգո» մոլախոտը, լինի այն համակարգի ներսում, թե նրանից դուրս, իրականում հարցեր լուծելու ոչ մի լծակ չունի, այլ պարզապես սնվում է զարտուղի ճանապարհներ փնտրող մտայնությունից, ինչը, ցավոք, դեռևս կաղապարում է շատերի գիտակցությունը:
Հասարակական խորհուրդը, զգուշացնելով խաբեբաների ծուղակն ընկնելու վտանգից, հորդորում է քաղաքացիներին բոլորի համար ընդհանուր, հավասար ու անխտրական սկզբունքի պահպանման մեջ փնտրել սեփական շահը:
Բարի ծառայություն ենք մաղթում մեր նորակոչիկներին: Աստված թող պահապան լինի հայոց բանակի բոլոր զինծառայողներին. նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: