կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-14 17:54
Քաղաքական

Մենք ներգրավվելու ենք այդ քննարկումներում` ներկայացնելով նաև «Դեմ եմ»-ի մոտեցումները. Արծվիկ Մինասյան

Մենք ներգրավվելու ենք այդ քննարկումներում` ներկայացնելով նաև «Դեմ եմ»-ի մոտեցումները. Արծվիկ Մինասյան

Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթեցմամբ քննարկվում է կուտակային օրենքի վերաբերյալ` կառավարության ներկայացրած նախագիծը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախ խնդրեց իր գործընկերներին, որ կուտակային համակարգի վերաբերյալ քննարկումներում անզգույշ հայտարարություններ չանեն, որովհետև այդ հայտարարությունները հասարակության մեջ տարբեր ընկալումների տեղիք են տալիս:

 

«Նախագծի ընդունմամբ պարտադիր կուտակային բաղադրիչ հասկացությունը վերածվում է կամավորի, այն դեպքում, երբ քաղաքացին դիմում է գրում, որպեսզի չմասնակցի կուտակային համակարգին, ուրեմն այդ համակարգը չի կարող պարտադիր կոչվել, ինչը էական առաջընթաց է»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Նա նաև նշեց, որ կուտակային կենսաթոշակային օրենքի` ՍԴ կողմից հակասող ու անվավեր ճանաչված նորմերը չեն կարող կրկնվել նոր օրենքում: Արծվիկ Մինասյանը խնդրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մասնրամասն ներկայացնել, թե ինչպե՞ս կարող են գործատուները հաշվետվություն ներկայացնել առանց լուրջ խոչընդոտների:

 

Պատգամավորը բարձրաձայնեց այն ահազանգերի մասին, որոնք հնչեցնում են Երևանի ճարտարագիտական համալսարանի աշխատողները: Մասնավորապես` հարյուրից ավելի աշխատակիցներ կուտակային վճարներ չկատարելու համար դիմումներ են ներկայացրել, բայց նրանցից շարունակում են գանձումներ կատարել, կամ ճնշումներ են իրականացվում: Արծվիկ Մինասյանը կարծում է, որ ԿԳ նախարարը պետք է փոխի այն հին շրջաբերականը, որը շրջանառել էր` հիմնվելով նախորդ կառավարության կարծր դիրքորոշման վրա, ուստի պետք է չեղյալ համարել այդ շրջաբերականը և փոխել պետական մարմինների վարքագիծը:

 

«ԿԳ նախարարը ոչ միայն պետք է չեղարկի այդ շրջաբերականը, այլև հայտարարի, որ որևէ գործատու իրավունք չունի քաղաքացու նկատմամբ որևէ ճնշում գործադրել ու փոխանցումներ անել նրա կամքին հակառակ: Խնդրում եմ Արտեմ Ասատրյանին, որ նույն հայտարարությունը հնչեցնի ԱԺ ամբիոնից»,- ասաց նա:

 

Եվս մեկ խնդրի մասին բարձրաձայնեց Արծվիկ Մինասյանը, որը վերաբերում է օրենքի` գործողության մեջ դրվելուն, ըստ որի` երբ վաղը քվեարկության դրվի օրենքը, այն պետք է ներկայացվի հանրապետության նախագահի ստորագրությանը: Պատգամավորը կոչ արեց արագացնել այդ գործընթացը, քանի որ բարելավող նորմերը գործելու են` հունվարի 1-ից սկսած, հետևաբար` շատ քաղաքացիներ սպասում են դրան:

 

«Երկրորդ փուլի համար վարչապետը դիմել է քաղաքական ուժերին` ռեֆորմների մեջ ներգրավելու համար: Մենք ներգրավվելու ենք այդ քննարկումներում` ներկայացնելով նաև «Դեմ եմ»-ի մոտեցումները»,- ասաց Արծվիկ Մինասյանը: