Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-05-05 18:45
Հասարակություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում փոփոխություններ են տեղի ունենում

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում փոփոխություններ են տեղի ունենում

«Aparaj.am»-ը գրում է. «Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հրապարակել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հարցազրույցը, որտեղ ադրբեջանցի պաշտոնյան հնչեցրել է պաշտոնական Բաքվի դժգոհությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարություններից եւ գործողություններից:

 

ԱՄՆ կառավարությունը չի կիսել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հնչեցրած գնահատականը եւ շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ իր ստանձնած հանձնառություններին: Միաժամանակ, ԱՄՆ-ը կոչ է արել երկու կողմերին՝ ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված լուրջ քայլեր: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ ադրբեջանցի պաշտոնյայի բարձրացրած «մտահոգությունը» իրականում իր մեջ ներառում է արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրներ, ինչի շարժառիթները պետք է երկու հարթության մեջ դիտարկել:

 

«Սկսենք արտաքին քաղաքական ոլորտից: Նախ եւ առաջ՝ պարոն Ուորլիքի հայտարարությունները նոր փուլ են բացում ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, որովհետեւ նա բացահայտորեն հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել խեղաթյուրված ձեւաչափը: Իր կողմից հնչեցված այն գաղափարները, որ հակամարտությունը Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ է եւ, որ անհրաժեշտ է, որպեսզի Արցախը բանակցային կողմ դառնա, սա հենց նման փոփոխությունների վկայությունն է: Իհարկե՝ մտածել, որ պարոն Ուորլիքը, լինելով շատ փորձառու դիվանագետ, աշխատելով շատ կարեւոր եւ պատասխանատու պաշտոններում, կարող է նման հայտարարություններ անել առանց խորհրդակցելու ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ, բնական է՝ նման բան չի կարող լինել: Հետեւաբար, մենք տեսնում ենք, որ փոփոխություն է տեղի ունենում հենց Մինսկի խմբի շրջանակներում: Այսինքն, նրանք ունեն միասնական պատկերացում այդ գործընթացի վերաբերյալ: Սա չի նշանակում, որ հենց վաղը ձեւաչափը կվերականգնվի, բայց արվում է կարեւոր մի քայլ, եւ Ադրրբեջանը սա դիտարկում է որպես իր շահերին վնաս հասցնող մի զարգացում, քանի որ չի ուզում հակամարտության կարգավորում: Ադրբեջանը շահագրգռված չէ հակամարտության համապարփակ կարգավորման մեջ, եւ իշխող կլանին ու նրա շուրջ համախմբված ուժերին շատ ավելի ձեռնտու է իրավիճակը թողնել այնպես, ինչպես որ կա:

 

Հետեւաբար, սկսում են այդպիսի քայլեր կատարել: Բացի դրանից, այստեղ կա նաեւ այլ հարց: Քանի որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը կտրուկ փոփոխվում է ոչ թե հարավկովկասյան, այլեւ հարակից տարածաշրջաններում, որտեղ ակնհայտ է շահերի եւ մրցակցության բախում եւ ուժեղացում, հետեւաբար՝ Ադրբեջանն այստեղ էլ փորձում է ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահել: Նա մեղադրում է ամերիկացի համանախագահին, բայց մեղադրում է անձնավորած: Ադրբեջանը չի համարձակվում մեղադրել ԱՄՆ-ին, բայց անձնավորած ձեւով նույն ԱՄՆ-ին է մեղադրում, չի կարողանում մեղադրել Մինսկի խմբի համանախագահության ողջ կազմին եւ, հետեւաբար, մի խաղ է խաղում, ըստ որի՝ փորձում է այս իրավիճակում ցույց տալ, որ կարող է նաեւ փոփոխության ենթարկել իր արտաքին քաղաքական վեկտորի ուղղվածությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը»:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: