կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-19 14:51
Քաղաքական

Այսօրվա սենսացիան սա է, բոլորիդ շնորհավորում եմ. Լեւոն Զուրաբյան

Այսօրվա սենսացիան սա է, բոլորիդ շնորհավորում եմ. Լեւոն Զուրաբյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ ոչ իշխանական չորս ուժերի այսօրվա քննարկման ընթացքում ոչ միայն քննարկվել են բազմաթիվ հարցեր, այլ նաև ընդունվել են որոշումներ: Քննարկվել է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, «Դեմ եմ» շարժման մարտի 22-ին կայանալիք հանրահավաքի մասնակցության հետ կապված հարցը և մարտի 24-ի քառօրյային արտահերթ քննարկման ռեժիմով նախագծի ներկայացումը:

 

«Մենք այսօր վերջնական որոշման ենք հանգել, որ չորս քաղաքական ուժերը սկսում են ստորագրահավաք կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ապրիլի 28-ի քառօրյայում դնելու նպատակով: Այսօրվա սենսացիան սա է, բոլորիդ շնորհավորում եմ, որ այսքան սպասված նորությունն արդեն որոշում է և մի ամբողջ գործընթացի սկիզբ»,- ասաց Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ գործընթացը կազմակերպելու համար մշակվելու են սոցիալ-տնտեսական ու քաղաքական քայլերի ծրագրեր, որոնք կատարվելու են այն կառավարության կողմից, որը գալու է նախորդին անվստահություն հայտնելուց հետո:

 

Ըստ պատգամավորների` մարտի 24-ի քառօրյայի ժամանակ չորս ուժերը անդրադառնալու են այն «քերթման» սխեմաներին, որն իրականացվում է իշխանության կողմից ժողովրդին քերթելու նպատակով` դա առաջարկելով քննարկել արտահերթ ռեժիմով՝ կրկին ստորագրահավաք անցկացնելու միջոցով:

 

Զուրաբյանը նշեց, որ իրենց քննարկումները կառավարությանն անվստահություն հայտնելու ուղղությամբ ձգձգվեցին այն պատճառով, որ անհրաժեշտ էր պարզել, թե որքանով է հասունացած վիճակը, և որքանով են սոցիալ-տնտեսական ու քաղաքական նախադրյալները նպաստելու այդ գոծընթացին: «Տապալված կառավարությունը կարող է փորձել բռնվել փրփուրներից ու ամեն տեսակի բանակցություններ տանել: Բայց դրանից որևէ բան չի փոխվելու»,- ասաց նա:

 

Հարցին՝ արդյո՞ք որոշումների կայացմանը նպաստեցին Գագիկ Ծառուկյանի հետ անցկացված հանդիպումները, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ պետք չէ ո'չ թերագնահատել, ո'չ էլ գերագնահատել Գագիկ Ծառուկյանի հանդիպումների ազդեցությունը, որովհետև բոլոր ուժերն էլ նպաստել են որոշումների կայացմանը: Նա նշեց, որ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը միակ խնդիրը չէ, դա ընդամենը մեկ համախմբող քայլ է, որը սկիզբ է դնում մի գործընթացի, որի արդյունքում կհեռանա Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությունը:

 

Ինչ վերաբերում է մամուլում տարածված այն լուրերին, թե «Ժառանգությունը» դուրս կգա քառյակից, Լևոն Զուրաբյանը նշեց, որ նման բան չկա, և որ դրա մասին առաջին անգամ է լսում: