կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-13 17:42
Տարածաշրջան

Մայրի՛կ, դու մնա, ես կգնամ…ընդմիշտ

Մայրի՛կ, դու մնա, ես կգնամ…ընդմիշտ

Գեզի այգի…

 

Հայկական գերեզմանատուն…

 

Ցույցեր…

 

Զոհեր…

 

2013 թվականի մարտ ամիսն էր` ցույցերի ամիսը..

 

14-ամյա Բերքինը տանն էր, երբ մայրը՝ Գյուլսում հանըմը, հաց գնելու համար պատրաստվում էր դուրս գալ տնից: Հացի փուռը գտնվում էր ոչ այնքան հեռու: Բերքինը, մտածելով, որ դրսում ապահով չէ, մորն ասաց. «Մայրի’կ, դու մնա, ես գնամ: Ես արագ եմ վազում»: Ասում ու դուրս է գալիս տնից: Ի՞նչ իմանար` հացի ճանապարհին հանցագործ ոստիկանի կրակոցից ուղիղ 269 օր անց, մանկությունը դեռ չվայլած, ընդմիշտ հեռանալու էր կյանքից՝ իր կյանքով միավորելով հազարավոր մարդկանց:

 

Արդեն հասել էր հացի փռի շեմին, երբ Էրդողանի՝ ցույցերը ցրելու հրամանով փողոցները պատերազմի դաշտի վերածած ոստիկաններից մեկի՝ արցունքաբեր գազի ռումբի պայթյունից 14-ամյա Բերքինը անշարժ պառկում է գետնին:

 

 

Անցավ 269 օր: 14-ամյա Բերքինի` արդեն 16 կգ կշռող մարմինն այլևս չկարողացավ դիմակայել…

 

 

 

Բոթը տարածվեց ամբողջ երկրով: Ժողովուրդը ոտքի կանգնեց՝ գտնելու ոճրագործին:

 

 

Չէ՞ որ զավակի կորստից ավելի դաժան է գիտակցել այն, որ ոճրագործը, թևերը թափահարելով, ման է գալիս փողոցից փողոց՝ գուցեև ուրիշ Բերքինների կյանքեր խլելով…

 

 

Սակայն Թուրքիայի կառավարությունն իրեն վայել կեցվածք ընդունեց: Մի քանի ոստիկանների ձևի համար հարցաքննեց, ովքեր ասացին, որ չեն տեսել, լսել, տեղյակ չեն այդ դեպքից, ու վերջ: Սա բավական չէ, առանց ամաչելու մեղադրեցին երեխային, թե` նա ի՞նչ գործ ուներ այնտեղ: Հիմա, երբ Բերքինի թաղման ժամանակ հազարավոր մարդկանց ցույցը ցրելու համար ոստիկանների արձակած արցունքաբեր գազից զոհվեց մի ոստիկան, նույն հարցը ես եմ տալիս՝ ի՞նչ գործ ուներ ոստիկանն այնտեղ: Ձայն հանե՛ք…

 

 

«Իմ տան դիմաց կոշիկի տուփ թող դնեն: Բերքինի գրպանի փողն ամեն առավոտ այդ տուփի մեջ եմ գցելու, կարիքավորները թող վերցնեն: Գուցե այդ ժամանակ կգտնեն, կբերեն Բերքինի ոճրագործին: Ամեն ինչ պարզ է, բայց 9 ամիս է անցել՝ դեռ ոչ մի հանցավոր չկա: Կոչ եմ անում այդ վարչապետին` եթե ցանկանա, երեխայիս ոճրագործին մեկ ժամում կգտնի: Նա էր հրահանգել ոստիկաններին: Ասել էր՝ իմ ոստիկանները էպոս գրեցին: Նույնիսկ չցավակցեց: Եթե խիղճ ունի, երեխայիս ոճրագործին թող բացահայտի»,- թաղման ժամանակ ասել էր Բերքինի հայրը:

 

Ի՞նչ խղճի մասին է խոսքը: Ի՞նչ կարող է անել վարչապետը: Ինքն իրեն բանտարկե՞լ: Չ՞է որ հենց ինքն էր ոստիկաններին այդ հրամանը տվել ու հետո հպարտացել, որ իր ոստիկանները էպո՜ս գրեցին:

 

Շատ բան չունեմ ասելու, միայն կասեմ՝ ժողովուրդը որոշ զավակների կորուստն է սգում, ոմանց էլ՝ ներկայությունը:

 

 

Արազ Գայմագամյան

 

Բերքինի վերջին տեսանյութը՝ 

 

)