Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր « Հեռուստատեսության, ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը ցուցադրել ոչ թե առևտրային, այլ մշակութային, սոցիալական ու մշակութային գովազդներ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Մի կողմից դուք թույլ եք տալիս, որ եթեր հեռարձակվի օղու գովազդ, մյուս կողմից՝ Հանրայինին արգելում եք գովազդ հեռարձակել: Հանրությունն ունի-չունի էդ մի ալիքն ունի: Ես այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ եմ տեսնում: Հանրային հեռուստաընկերությունը դադարում է լինել հանրության կոմունիկացիայի հիմնական միջոցը»,- ասաց նա:
Պատգամավորի համոզմամբ՝ այսօր մարդիկ կան, որ ունեն 4-5 հեռուստատեսություն: Նրանցից մեկը Վատիկանում Հայաստանի դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է, ուստի արվում է ամեն ինչ, որ հեռուստատեսության և գովազդի ոլորտը կենտրոնանա նրա ձեռքում:
Պատգամավորը նշեց, որ Հանրային հեռուստաընկերությունը վաղուց է կորցրել իր հանրային բնույթը և հիմա գտնվում է իշխանությունների ձեռքում, և դա, ըստ պատգամավորի, գաղտնիք չէ: «Էս օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում գոյանում է մեկուկես մլրդ դրամի գովազդային գումար: Սա` պաշտոնական տվյալներով, ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը եռակի ավելանում է: Ուսումնասիրեք, կտեսնեք, որ այդ գումարների 90 տոկոսը գնալու է Միքայել Մինասյանին պատկանող հեռուստաընկերության բյուջե»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա իր ելույթում ևս մեկ անգամ շեշտեց, որ ներկայացվող գովազդային փաթեթները մեկ նպատակ ունեն` ապահովել հավելյալ մեկուկես միլիարդ դրամի գումարի ուղղումը դեպի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մեդիակայսրություն: Ըստ պատգամավորի` նախագծով նախատեսված ալկոհոլային խմիչնքների գովազդից ստացված մեկ միլիարդ դրամի առյուծի բաժինը կգնար դեպի «Արմենիա» հեռուստաընկերություն և նրա արբանյակ հանդիսացող հեռուստաընկերություններ, մի մասը՝ Հանրային և մյուս մասն էլ՝ «Շանթ» հեռուստաընկերություն: Ըստ Փաշինյանի` «Արմենիա» հեռուստաընկերությունն` իր արբանյակ հեռուստաընկերություններով, պատկանում է Միքայել Մինասյանին, մամուլում խոսվում է նաև, որ նա գնել է նաև «Շանթ» հեռուստաընկերության բաժնեմասը:
«Վերջին տարիներին հետևողական աշխատանք է տարվում, որ Հանրային հեռուստաընկերությանը զրկեն առանցքային դերից, որովհետև Հանրայինի սիրված աստղերը և սիրված հաղորդումները գնում են «Արմենիա»: Հանրայինը ուզում են նսեմացնել շատ պարզ պատճառով, որ ընտրությունների ժամանակ նա ունի կոնկրետ գործառույթ՝ ընդդիմությանը տրամադրելով րոպեներ: Եվ Հանրայինի վարկանիշը գցելով՝ փորձում են այն չեզոքացնել, որ մարդիկ չդիտեն ընդդիմությանը տրված մի քանի րոպեները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրան զուգահեռ մեծացնում են Միքայել Մինասյանին պատկանող «Արմենիա» հեռուստաընկերության դերը:
Պատգամավորի խոսքով` Հայաստանում կան մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ է պետք Հայաստանին, և որ պետք է հաստավիզ, հաստագլուխ օլիագրխներին փոխարինել բարակ վզով ու փոքր գլխով, նաև բարակ փողկապներով` Օքսֆորդ ավարտած օլիգարխներով: Սակայն, ըստ պատգամավորի, օլիգարխը մնում է օլիգարխ` անկախ այն բանից՝ հաստ վիզ ունի, թե` բարակ, Օքսֆորդ է ավարտել, թե` իր դիպլոմը գնել է մետրոյի անցումներից մեկում: