կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-06 15:11
Հասարակություն

Արագածոտնի յոթ գյուղ ջրից զրկվելու վտագի առաջ է կանգնած

Արագածոտնի յոթ գյուղ ջրից զրկվելու վտագի առաջ է կանգնած

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Արագածոտնի մարզի յոթ գյուղերի` Օհանավանի, Արտաշավանի, Ուշիի, Կարբիի, Սաղմոսավանի, Երզնկայի ու Եղվարդի գյուղացիները ոտքի էին կանգնել` պահանջելով կառավարությունից լուծել իրենց գյուղերի ոռոգման ջրի խնդիրները: Նրանք փակել էին Երևան-Ապարան մայրուղին, սակայն բանակցությունների արդյունքում որոշ ժամանակ անց համաձայնել բացել ճանապարհը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Սաղմոսավանի համայնքապետ Ներսես Ավագյանը նշեց, որ իրենց գյուղի բնակիչները չեն բողոքել ու ոչ մի կապ չունեն այդ բողոքի հետ: Նա հրաժարվեց պատասխանել այլ հարցերի` ասելով, որ չի տիրապետում որևէ ինֆորմացիայի ու տեղյակ չէ որևէ խնդրից: Կարբիի համայնքապետը հրաժարվեց խոսել` պատճառաբանելով, որ շատ խառն է: Օհանավանի համայնքապետը համառորեն չէր պատասխանում հեռախոսազանգերին:

 

Արտաշավանի բնակիչներից մեկն էլ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ խնդիրը կլուծվի մի դեպքում` եթե ժողովուրդը ոտքի կանգնի: Պատմելով խնդրի մասին` նա նշեց, որ Արագածոտնի մարզի յոթ գյուղերը ջուր էին ստանում Ապարանի ջրամբարից: Սակայն օրերս Կարբի և Օհանավան համայնքների մոտ սկսվել է երկու փոքր ՀԷԿ-երի շինարարություն, ինչը կարող է որոշ գյուղերի ջրազրկման պատճառ դառնալ:

 

«Երբ փաստաթղթերով հաստատվեց ՀԷԿ-ի կառուցման հարցը, պարզ դարձավ, որ այդ յոթ գյուղերը ջրից կզրկվեն»,- նշեց մեր զրուցակիցը: Սակայն գյուղացիները, ըստ նրա, որևէ պաշտոնյայի խոստումների հետ արդեն հույս չեն կապում: «Բայց էդ հեքիաթներ ա, էլի, ժողովուրդը եթե մինչև վերջ չպայքարեց, էդ գյուղերը կչորցնեն: Ուժեղի մոտ միշտ էլ թույլն ա մեղավոր: Օհանավանի գյուղապետին էլ չգտանք, որ ասենք` այ մարդ, արի, կանգնի քո ժողովրդի կողքը, ամոթն էլ լավ բան ա, վերջ ի վերջո»,- ասաց Արտաշավանի բնակիչը: