կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-05 15:27
Մշակույթ

Ընդունված է` նստեն աթոռին ու ոչ մեկին չտան այն. Նիկոլայ Ծատուրյանն` իր հրաժարականի մասին

Ընդունված է` նստեն աթոռին ու ոչ մեկին չտան այն. Նիկոլայ Ծատուրյանն` իր հրաժարականի մասին

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Նիկոլայ Ծատուրյանը հրաժարական է տվել: Yerkir.am-ի հետ զրույցում սիրված թատերական գործիչը նշեց, որ Հայաստանում, փաստորեն, սենսացիոն, նախադեպը չունեցող դեպք է տեղի ունեցել` առաջին անգամ ղեկավարն ինքնակամ իր դերը հանձնում է երիտասարդին:

 

«Ինքնակամ` նշանակում է` իմ ցանկությամբ, ոչ էն «իր դիմումի համաձայնների» նման: Մեր թատրոնի նոր ղեկավարը կլինի Լյուդվիգ Հարությունյանը` խոստումնալից մի երիտասարդ, ում 4 տարի շարունակ ես «աճեցրել եմ»: Նա գյումրեցի է, կազմակերպչական լավ ձիրք ունի, լավ բեմադրություններ է անում, ինչի ապացույցն այն է, որ նրա ներկայացումներից մեկը «Արտավազդ» մրցանակի է արժանացել: Ամենակարեւորն այն է, որ ես նրան հանձնում եմ թատրոնը ոչ թե, ինչպես հաճախ է լինում, քանդված վիճակում, այլ շատ լավ վիճակում, քանի որ մենք անցած տարի ստացել ենք «մրցանակ»` հանդիսատեսի քանակի իմաստով»,- ասաց Ծատուրյանը:

 

Նա նշեց նաեւ, թե քանիցս հայտարարել է, որ մտածում է վաղվա օրվա մասին եւ ուզում` թատրոնի վաղվա օրը լավ ու արգասաբեր լինի:

 

«Ծատուրյանը մնում է ինձ համար շատ սիրելի եւ հարազատ դարձած թատրոնում` որպես գեղարվեստական խորհրդատու, որ շարունակենք ղեկավարել գեղարվեստական մակարդակը եւ նոր բեմադրիչներին ուղղություն տանք: Ի՞նչ մի վատ բան կա, լավ է, էլի: Սերնդափոխություն չլինի՞: Մեզ մոտ ընդունված է` նստեն աթոռին ու էլ ոչ մեկին չտան աթոռը»,- ասաց Ծատուրյանը:

 

Նա տեղեկացրեց նաեւ, որ հրապարակավ հայտարարում է` իր որոշումը ոչ մի կապ չունի իր եւ մշակույթի նախարարի մեջ տեղի ունեցած վերջին դեպքերի հետ. «Ընդհակառակը, երբ նախարարը Գյումրիում էր, լրագրողները հարցրեցին, թե կարո՞ղ է Ծատուրյանին պաշտոնից զրկեն, նա պատասխանել էր` Ծատուրյանն այստեղ կաշխատի այնքան ժամանակ, որքան կցանկանա»: