կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-27 16:11
Քաղաքական

Բելառուսի դեսպանատունը կգործի Առինջ գյուղում

Բելառուսի դեսպանատունը կգործի Առինջ գյուղում

Կառավարությունն այսօր Բելառուսի Հանրապետությանը թույլատրեց օրենքով սահմանված կարգով` սեփականության իրավունքով, ձեռք բերել ՀՀ կոտայքի մարզի Առինջ գյուղում` Մ. Բաղրամյան փողոցի թիվ 9 եւ 9/1 հասցեներում գտնվող հողամասերը` դեսպանության տեղակայման համար:

 

Հատկանշական է, որ Բելառուսի Հանրապետությունը որոշել է Հայաստանում իր երկրի դեսպանատունը կառուցել հենց Առինջում' հաշվի առնբելով այդ երկրի նախագահի և Առինջ գյուղում բնակվող Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները:

 

ՀՀ հողային օրենսգրքի 63.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն' օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար ցանկացած սեփականատիրոջից օրենքով սահմանված կարգով հողամաս կարող են ձեռք բերել, վարձակալել կամ անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման իրավունքով օգտագործել միայն ՀՀ արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնավորված միջնորդության հիման վրա ընդունված' Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ միջազգային պայմանագրի համաձայն' պահպանելով փոխադարձության սկզբունքը:

 

ԱԳՆ-ն այս հարցով ներկայացրած միջնորդությամբ նշում է, թե ներկայումս, Բելառուսի Հանրապետության նախագահի 07.04.2010թ. հրամանագրի համաձայն, Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի 29.04.2010թ. որոշմամբ, Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը 49 տարով վարձակալությամբ է տրվել նախկինում  ձեռք բերված ՀՀ դեսպանության շենքի հողամասը: Միևնույն ժամանակ, Հայաստանում Բելառուսի դեսպանությունը տեղեկացրել է, որ, համաձայն Բելառուսի Հանրապետության հողային օրենսգրքի 12-րդ հոդվածի, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի տեղակայման համար օտարերկրյա պետությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունը իր դիվանագիտական ներկայացուցչության տեղակայման համար, որպես սեփականություն, կարող են ձեռք բերել հողատարածք'  Բելառուսի Հանրապետության նախագահի կողմից հաստատված կարգով:

 

Հաշվի առնելով վերը նշվածը և այն հանգամանքը, որ հետագայում  նմանատիպ մոտեցում կարող է կիրառվել նաև  Բելառուսի Հանրապետությունում,  Հայաստանի Հանրապետության կողմից դիվանագիտական ներկայացուցչության տեղակայման համար ԱԳՆ-ն նպատակահարմար է համարում Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետությանը հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելը: