Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ինքն իր արարքի համար պետք է պատժվի: Չեմ խառնվում, բայց դա չի նշանակում, թե չեմ անհանգստանում: Նա ինձ համար ամենաթանկն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը՝ անդրադառնալով իր որդու հետ կապված քրեական գործին:
Նրա խոսքով՝ որդին է սխալը գործել, ուրեմն հենց նա էլ պետք է պատասխան տա, և ինքը չի պատրաստվում միջամտել և օգտագործել նախարարի դիրքը: Նախարարը հավելեց, որ նախատել է որդուն թմրամիջոց օգտագործելու համար, և իր համար ցավալի է ամեն անգամ խոսել այս թեմայով: «Լավ բան չի արել, և որևէ մեկի երեխուն չեմ ցանկանա, որ, անկախ նրանից, պաշտոնյա է, ոչ պաշտոնյա է, ի՞նչ է նշանակում` մարիխուանա ծխել, դա շատ վատ երևույթ է: Առավել ևս իմ տղան չպիտի աներ նման բան»:
Դիտարկմանը, որ եթե չի կարողացել իր որդու համար օրինակ ծառայել, կարո՞ղ է երիտասարդ սերնդի համար օրինակ լինել, Վարդանյանն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում, որ չեմ կարողացել օրինակ ծառայել, եթե ես անընդհատ զբաղված եմ եղել` 16 տարի Ամերիկայում եմ եղել: Գիտեք` այնտեղ 13 տարեկանից այդ գործերով զբաղվում են դպրոցներում: Ես էլ այդ ուղղությամբ շատ փակ մարդ եմ, որ մինչև հիմա իմ կյանքում ես մարիխուանա չեմ տեսել, չգիտեմ՝ ինչ է իրենից ներկայացնում, ո՞նց կարող էի ուշադիր լինել, եթե այդ ճանապարհը չեմ անցել: Եթե անցած լինեի, ուշադիր կլինեի, որ իմ երեխան էլ չաներ այդ սխալ գործերը, ուղղակի վրիպում է եղել: Ես պետք է ավելի շատ ուշադիր լինեի, քան եղել եմ, բայց մյուս երկու տղաներս մոտ նման բան չկա»:
Այս դեպքը նախարարը որակեց որպես չարիք, միաժամանակ նշեց, որ ուրախ է, որ սա բացահայտվել է: Նախարարը նաև հայտարարեց. «Բացի ծխելուց, ուրիշ որևիցե մի բան չի եղել իր մեջ, մի բան էլ ցավազրկիչ է եղել, այն ինչ-որ դեղատանը վաճառում են»: