|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ»-ի խմբագրություն էին ահազանգել Դատական դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ, ովքեր դժգոհում էին, որ ապրիլի աշխատավարձերը ստացել են ուշացումով, ինչպես նաև աշխատակիցներից պարտադիր պահումներ են կատարվել 10-հազարական դրամ և առանց որևէ հիմնավորման: Երբ աշխատակիցները այս խնդրի կապակցությամբ հայտնել են իրենց դժգոհությունը, նրանց հանգստացրել են՝ ասելով, որ հաջորդ ամիս աշխատավարձերը կստանան առանց պահումների:
Ավելին՝ աշխատակիցներին վերադարձվելու են նաև նախորդ ամիսների համար պահված գումարները, ասել են պատասխանատուները։ Անդրադառնալով աշխատավարձերից պահված գումարներին, նշենք, որ ամբողջ դատական դեպարտամենտում 700-ից ավելի աշխատակից կա և եթե ամբողջ հանրապետությունում են թույլ տվել կիրառել նման ռեկետ, ամենապարզ թվաբանական հաշվարկների դեպքում, պահված գումարը կազմում է 7 միլիոն դրամից ավելի:
Երկրորդ խնդիրն այստեղ այն է, որ աշխատակիցները չեն իրազեկվել գումարի պահման մասին, ասել է թե արդարադատության միտված այս համակարգում ևս ոտնահարվել է աշխատակիցների իրազեկված լինելու իրավունքը: Ավելին աշխատակիցներից շատերը տեղյակ չեն, թե իրենց աշխատավարձից որքան պահումներ են կատարվել: «ՉԻ» հետ զրույցում դժգոհողները նշեցին, որ երբ փորձել են պարզաբանումներ ստանալ ապօրինի պահված գումարների մասին, ստացել են ընդամենը լղոզված պատասխաններ: Ի դեպ, եթե մայրաքաղաքի դատարաններում ասել են, որ աշխատակիցները հետ կստանան պահված գումարները, ապա որոշ մարզերի դատարաններում հայտարարել են, որ գումարները հետ չեն տրվի»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։