Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՕԵԿ խմբակցության առաջարկով քսան րոպե ընդմիջում հայտարարվեց ԱԺ-ում, որպեսզի խմբակցությունների ղեկավարները կարողանան քննարկել հաշվիչ հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ առաջարկությունները:
Գալուստ Սահակյանն առաջարկել էր, որ հաշվիչ հանձնաժողովի անդամների թիվը յոթից դարձնեն տասնմեկ, ընդ որում` հինգը լինեն Հանրապետական կուսակցությունից: Իսկ խորհրդարանական ընդդիմությունն առաջարկել էր հաշվիչ հանձնաժողովի անդամների թիվը թողնել յոթ:
Ընդմիջումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ տարակարծություններ կային, ու քանի որ ժամանակը քիչ էր, առաջարկեց քննարկումը տեղափոխել վաղը` առավոտյան: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առարկեց՝ ասելով, որ քսան րոպե ընդմիջումից հետո պետք է քվեարկության դրվի այդ հարցը: Նա նշեց, որ ցանկացած պարագայում Դաշնակցությունը չի քվեարկելու:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նույնպես նշեց, որ հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցը պետք է քվեարկության դրվի, այլ ոչ թե հետաձգվի: Նա տեղեկացրեց, որ ՀԱԿ-ն իր անդամներին չի տեսնում այդ հանձնաժողովում, որովհետև այն ապօրինությունների մեխանիզմ է:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն նույնպես չի մասնակցելու Գալուստ Սահակյանի առաջարկած հարցի քվեարկությանը, որովհետև այն նպատակ ունի սահմանել հանձնաժողովում Հանրապետական կուսակցության տոտալ վերահսկողություն և ճնշել խորհրդարանական ընդդիմությանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, որ իրենց խմբակցությունը մտադիր չէ մաս կազմել նոր ձևավորվող հաշվիչ հանձնաժողովին:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Դուք բոլորդ ուզում եք խաթարել ԱԺ աշխատանքները: Դուք բոլորդ ուզում եք ճնշել մեծամասնությանը: Բայց դա չի հաջողվելու ձեզ: Ես ասում եմ: Սա որոշ քաղաքական ուժերի փորձն է` խաթարել ԱԺ աշխատանքները: Ուրեմն` մենք շարունակում ենք մեր աշխատանքները»,- ասաց նա՝ կոչ անելով խորհրդարանական ընդդիմությանը` դիտողությունները ուղարկել գրավոր ձևով:
Քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց տեղից առարկություններ ներկայացնել, ինչին Հովիկ Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Ձեր ներվերը մի քայքայեք: Հա, դուք փորձո՞ւմ եք մեր ներվերը քայքայել: Փորձում եք, բայց ձեզ չի հաջողվելու»,- ծիծաղելով նշեց ԱԺ նախագահը: