|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ դեկտեմբերի 24-ին Մոսկվայում կայացած` Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում ՄՄ անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այն հայտարարությանը, թե մինչ Հայաստանի` ՄՄ-ին միանալու ճանապարհային քարտեզը ստորագրելը, ինքն ունի հատուկ կարծիք, որ Մաքսային միության հետ ընդհանուր սահմանի հարցը բաց է մնում ԼՂ հարցի` չկարգավորված լինելու պատճառով: Վարչապետի խոսքով` Նուրսուլթան Նազարբաևը հնչեցրել է այդ հարցը և ստացել ՀՀ նախագահի հստակ պատասխանը, որ Հայաստանի ու ԼՂ միջև չեն կարող մաքսակետեր լինել:
«Մեր համոզմունքն է, որ քաղաքական հարցերը չի կարելի տեղափոխել Մաքսային միություն, քանի որ Մաքսային միությանը անդամակցումը տնտեսական գործառույթ է, և այն ճանապարհային քարտեզը, որը ստորագրվել է, ՄՄ անդամ երկրների կողմից առարկությունների չի արժանացել մասնավորապես` Ղազախստանի կողմից»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով` երբ ՀՀ-ն ստորագրում էր պայմանագրեր Առևտրի համաշխարհային կազմակերպության, ԱՊՀ երկրների հետ` ազատ առևտրի ոլորտում, ԼՂ հարցը չի եղել խոչընդոտ ու քննարկման առարկա: «Երբ մենք բանակցում էինք ԵՄ հետ, կրկին ԼՂ հարցը քննարկման թեմա կամ խոչընդոտ չի եղել: Այնպես որ` Մաքսային միությունը այդ շարքում բացառություն չի լինելու, և ԼՂ հարցը չի կարող լինել խոչընդոտ»: