Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քննարկվում է գազային համաձայնագրերը վավերացնելու հարցը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանն իրականությունը ժողովրդից թաքցնելու գործում շատ հեռու է գնացել, նա անգամ մեկ տարի առաջ հրապարակավ բողոքել է ընդդիմությունից, թե ընդդիմության ներկայացուցիչներին բացարձակ չի հետաքրքրում, որ Հայաստանn ավելի էժան գազ է ներկրում, քան Մոլդովան ու Ուկրաինան: Այնինչ այդ նույն ժամանակ, ըստ Արմեն Մովսիսյանի, գազն արդեն թանկացած է եղել Հայաստանի համար: Այսինքն` այն ժամանակ, երբ նույն Արմեն Մովսիսյանը հերքում էր, որ գազը թանկացել էր, իրականում այն թանկացած է եղել:
«Ինչպես նկատում եմ, սուտ խոսելու համար Արմեն Մովսիսյանը ոչ այն ժամանակ է կարմրել, ոչ էլ` հիմա: Նույնիսկ չեմ էլ ուզում մեղադրել, թե Սերժ Սարգսյանը ինչ ցինիկ ձևով է խաբել իր ժողովրդին, որովհետև մեղադրել, կնշանակի, որ այլ բան եմ ակնկալել նրանից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի օրոք կատարվեց «Գույք` պարտքի դիմաց» գործարքը, որով ռուսական կողմին հանձնվեցին «Մարս» գործարանը, Մերգելյանի ինստիտուտը, Հրազդանի ջերմաէլեկտրակայանը և այլ օբյեկտներ: Դրան հետևեց, ըստ Փաշինյանի, «Գույք` գազի դիմաց» գործարքը, որի շնորհիվ հարստացան մի շարք մարդիկ, որոնք հիմա երանությամբ են հիշում այդ քաղցր օրերը: Այն, ինչ հիմա կատարվում է, դա «Իշխանություն` գազի դիմաց» գործարքն է:
Ըստ պատգամավորի` Սերժ Սարգսյանն այս գործարքն ու դրա հետևանքները թաքցրել է ժողովրդից, որովհետև առջևում երկու համապետական և մեկ տեղական ինքնակառավարման ընտրություններ էին, և գործարքի բացահայտումը էականորեն կանդրադառնար ժողովրդի տրամադրվածության վրա: «Եվ Մոսկվա կատարած բազմաթիվ այցերի արդյունքում` Սերժ Սարգսյանը հասավ իր նպատակին` Հայաստանի անունը գրելով «Գազպրոմ»-ի նիսյաների ցուցակում: Սա դավադրություն է պետության նկատմամբ` իշխանությունը ամեն գնով պահպանելու նպատակով»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ կասկած չունի, որ հնազանդ մեծամասնությունը կողմ է քվեարկելու, սակայն «կնոպկա սեղմողները» թող վստահ չլինեն, որ խանգարելու են ազատ, ինքնիշխան ու երջանիկ Հայաստանի կերտմանը: