Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչական դատարանը` դատավոր Ռաֆիկ Խանդանյանի նախագահությամբ, մերժել է Սայաթ-Նովա 10 շենքի բնակիչ Անաիդա Հովսեփյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի:
Նշենք, որ հայցվորը պահանջում էր` պարտավորեցնել քաղաքապետարանին Սայաթ-Նովա 10/5 հասցեում կատարվող շինարարությունը դադարեցնելու համար միջոցներ ձեռնարկել և 17.07.2013թ. շինարարության թիվ 01/18-40225-683 թույլտվությունը ոչ իրավաչափ ճանաչել: Դատարանը, հայցվորի կողմից հայցադիմումում վկայակոչված փաստարկների ուսումնասիրության արդյունքում, արձանագրել է, որ 17.07.2013 թվականի թիվ 01/18-40225-683 շինարարության թույլտվությունը հանդիսանում է իրավաբանական ուժ ունեցող վարչական ակտ, քանի որ այն տրվել է 17.07.2013 թվականին 24 ամիս ժամկետով: Իսկ Անաիդա Հովսեփյանի կողմից չի ներկայացվել շինարարության թույլտվության` իրավաբանական ուժը կորցրած լինելու հանգամանքը հավաստող որևէ ապացույց:
Yerkir.am-ի հետ զրույցում Սայաթ-Նովա 10-ի բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանը նշեց, որ երբ իրենք դիմել են քաղաքապետարան, օրենքով նախատեսված կարգով պատասխան պետք է ստանային 10 օրվա ընթացքում, սակայն դատարանը մերժել է` ասելով, որ օրենքով 30 օր է սահմանված, ոչ թե` 10:
Փաստաբանը հայտնեց, որ սպասում են դատական ակտին, ինչից հետո վարչական դատարանի վճիռը կբողոքարկեն ՀՀ Վերաքննիչ դատարանում: «Իմ կարծիքով` դատարանն իր վրայից քցեց, որ այդ որոշումն իր վրա չմնա»,- ասաց նա:
Ի դեպ, նույնաբովանդակ պահանջով դատարան է դիմել նաև նույն շենքի բնակիչ Սվետլանա Սարգսյանը, որիմ հայցադիմումի վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել: Նշենք, որ եթե դատարանը հայցադիմումն ընդունի վարույթ, շենքի մյուս բնակիչները գործում կներգրավվեն որպես 3-րդ անձ: