Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռեւս քննարկված չէ` կբոյկոտի՞, թե՞ քննարկումների ճանապարհով կգնա խորհրդարանական մեծամասնությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող օրենքը մեկ տարով հետաձգելու հարցում. Yerkir.am-ին այսօր ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ առաջին անգամ այդ հարցով նիստը տապալվեց ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի բոյկոտի պատճառով: Իսկ երկուշաբթի օրը ԱԺ ոչ իշխանական 4 կուսակցություններին հաջողվել է երկրորդ անգամ հավաքել անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ, որպեսզի արտահերթ նիստ կայանա:
Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ, նշեց ԱԺ փոխնախագահը, իհարկե, կարելի է մեկ կամ երկու, նաեւ հինգ անգամ հավաքել անհրաժեշտ ստորագրությունները, քննարկումներ բացել` թե' հերթական, թե' արտահերթ, դա չէ խնդիրը, այլ այն, որ դրանք հարցեր են, որոնք բազմիցս քննարկվել են:
«Քննարկված են ֆրակցիաներում, կուսակցություններում, հանձնաժողովներում, հերթական նիստերում, լիագումար նիստերում... Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված հարցը բազմաթիվ քննարկումներ է անցել: Այնպես չէ, որ այսօրվա դրությամբ կա մի նոր մոտեցում, տեսակետ, նոր ռակուրս կամ չքննարկված խնդիր, որը քննարկման արժանի է: Եթե մենք տեսնենք, որ կա նման մոտեցում, կա հարց, որը քննարկված չէ, որի քննարկման անհրաժեշտությունը կա, բայց քննարկումը բաց է թողնվել, բնականաբար, մենք նստելու ենք քննարկման»,- նշեց Հերմինե Նաղդալյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե գուցե, երբ չբոյկոտեն արտահերթ նիստը, կարող է նաեւ նման հարցեր էլ լինեն, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, թե իրենց որոշումները կայացնելուց առաջ ունենում են նման տեղեկատվություն նախաձեռնողներից այն մասին, թե ինչ օրակարգ է, եւ ինչ հարցերի շուրջ են քննարկումներ առաջարկվում:
«Եվ մեր կուսակցության մոտեցումը' Ձեր ասած արտահերթ նիստը բոյկոտելու վերաբերյալ, հենց այստեղից էր բխում, երբ մենք ասացինք, որ այն հարցերը, ինչ դուք այսօր առաջարկում եք, որպես օրակարգի խնդիր, բազմիցս քննարկվել է»,- ասաց ԱԺ փոխնախագահը' հավելելով, թե նույն հարցերը դնել` որպես քննարկման առարկա, նշանակում է ոչ թե նոր հարց կամ մոտեցում քննարկել, այլ պարզապես ժամանակ ձգել:
Yerkir.am-ի հարցին` արտահերթ այս նիստը եւս բոյկոտելու հավանականությունն ինչքա՞ն է, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, թե չի կարող ասել, քանի որ նման քննարկում չի եղել:
Լուսանկարը` Hetq.am-ի