Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի համար պարզ են Թուրքիայից հնչող հայտարարությունների շեշտադրումները, ենթատեքստերը: Yerkir.am-ի հետ զրույցում մեկնաբանելով թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուի հայտարարությունների վերաբերյալ` Սահակյանը նշեց, որ թե' Դավութօղլուն, թե' թուրքական քարոզչամեքենան հիասթափվելու առիթ կունենան, որովհետև Հայաստանը հավատարիմ է մնում իր տեսակետին`կապված ԼՂ հակամարտության և բանակցային գործընթացի հետ:
Հիշեցնենք, որ ըստ թուրքական Sabah թերթի` Հայաստանի կառավարությունը բանավոր համաձայնություն է տվել ԼՂ-ի հարակից 2 շրջանները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, սական Թուրքիան Հայաստանից պաշտոնական հայտարարություն է ակնկալում: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով` Թուրքիայի վրա ճնշումները, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, մեծ են, որովհետև Թուրքիան քայլ չկատարեց այդ ուղղությամբ: Հիմա էլ Թուրքիան հանդես է գալիս նման հայտարարություններով, որովհետև այնտեղի քարոզչամեքենան լավ վարժված է սադրանքների ու ապատեղեկատվության ոճին:
Հովհաննես Սահակյանի համոզմամբ` Վիլնյուսից առաջ Թուրքիան փորձում է ինչ-որ խնդիրներ կամ անհարմար իրավիճակներ առաջացնել Հայաստանի համար: Ընդ որում, պատգամավորի կարծիքով, այդ ամենը կարելի է դիտարկել նաև Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, երբ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են համատեղ ինչ-որ խնդիրներ լուծել, որովհետև տարածաշրջանում նրանց դերակատարությունը գնալով նվազում է:
Պատգամավորի խոսքով`ավելի լավ կլինի, որ Թուրքիան չզբաղվի նման անհեթեթ հայտարարություններով, փոխարենը Ադրբեջանին ռազմատենչ հայտարարությունների դաշտից տեղափոխի ավելի կառուցողական դաշտ, որպեսզի ԼՂ հանգուցալուծումը կատարվի խաղաղ ճանապարհով: Ըստ նրա` հիմա ամբողջ աշխարհն է մեղադրում Թուրքիային ապակառուցողական դիրքորոշման մեջ` թե' հայ-թուրքական հարաբերությունների, թե' տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների հետ կապված:
Իսկ ԼՂ կարգավորման համար նոր ձևաչափ չկա` միայն Մինսկի խմբի ձևաչափը, այնպես որ, ըստ պատգամավորի, անհասկանալի է, թե Դավութօղլուն ինչի մասին է խոսում ու ինչ տարածքներ հանձնելու մասին է խոսքը: «Պիտի հիասթափեցնեմ Դավութօղլուին, որովհետև մեր խոսքի, գործի և ցանկությունների մեջ որևէ փոփոխություն չկա: Մենք վճռական ենք մինչև վերջ մեր ստանձնած պարտավորվածությունների ու մեր իրավունքներին տեր կանգնելու գործում: Կարճ ասած` Թուրքիան ու Ադրբեջանը երազախաբ են լինում»,- ասաց Հովհաննես Սահակյանը: