Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Այս տարի լրանում են «Սաբերատուր-Սեւան» տուրիստական ընկերության 25, Հայաստանում «Air France» եւ «KLM» ավիաընկերությունների ներկայացուցիչ «Executive Travel» ընկերության ու «Եվրոպա» հյուրանոցի 10-ամյակները: Ընկերությունների հիմնադիրները եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն էլ որոշել են առիթից օգտվել ու հոբելյանական տարեդարձերը տոնել «Բոժոլե նուվո» գինու տոնի օրը, որպեսզի այդ տոնը Հայաստանում եւս տարածում գտնի:
Այս երեք ընկերություններն էլ հիմնվել են Լեւոն Բաղդասարյանի ու Վարուժան Սարգսյանի կողմից` ֆրանսիական կապիտալով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ դրանք մեծ ավանդ են ունեցել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում:
«Բոժոլե նուվո» գինու տոնը նվիրված է համանուն գինուն, որը պատրաստվում է ֆրանսիական Լիոն քաղաքի մերձակայքի սարահարթերում աճեցվող խաղողից: Այն, ինչպես նշեցին դեսպանատան աշխատակիցները, հայկական մաճառի «ազնվական» տարբերակն է: Գինին բավական հին գինեգործական ավանդույթներ ունի, որոնք ձգվում են մինչեւ միջնադար:
«Սա այն գինին է, որը պատրաստվելուց հետո անմիջապես պետք է խմվի: 1951 թվականից հետո «Բոժոլե Նուվոն» արդեն հանդես է եկել պիտակավորված: Այս գինու վաճառքի ժամկետները խիստ սահմանափակված ու կոնկրետ սահմանված են: Գինու վաճառքը սկսվում է ամեն տարվա նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը, որը հաստատված է Ֆրանսիայի կառավարության` 1945 թվականի որոշմամբ»,- ներկայացրեց Անրի Ռենոն:
Տոնը մեծ խանդավառությամբ է նշվում ֆրանսիայում, ընդ որում` բաից Ֆրանսիայից, նաեւ աշխարհի ավելի քան 120 երկրում:
«Բոժոլե Նուվոն», ըստ Լեւոն Բաղդասարյանի, այնքան էլ նշանավոր գինի չէ, բայց քանի որ մեծ խանդավառություն է առաջացնումայդ գինուն նվիրված տոնը, դա առանձնահատուկ արժեք է տալիս դրան, ինչը մարկետինգային հիանալի քաղաքականության արդյունք է: Այդ օրերին բավական մեծ քանակությամբ գինի է վաճառվում ամբողջ Ֆրանսիայում: Անցյալ տարի, ինչպես տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը, արտադրվել է 32 միլիոն շիժ «Բոժոլե Նուվո», որից մոտ 17 միլիոն շիշը արտահանվում է: Բայց, քանի որ գինին երկարաժամկետ օգտագործման համար չէ, առավելագույն պիտանելիությունը 6 ամիս է. Այն շուտ է թթվում:
Տոնի նշելը Հայաստանում լավ առիթ է, նշեց դեսպանը, որ գինիների ներմուծմամբ զբաղվող հայկական ընկերությունները եւս հետաքրքրվեն այս գինիով ու գոնե «Բոժոլե Նուվոյի» տոների կապակցությամբ այս գինուց ներկրեն Հայաստան: