կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-20 15:49
Իրավական

Վարդան Պետրոսյանի փաստաբանը դիմել է դատախազին

Վարդան Պետրոսյանի փաստաբանը դիմել է դատախազին

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը քիչ առաջ քննիչին բացարկ հայտնելու և նրան վարույթից հեռացնելու վերաբերյալ երկրորդ գրությունը ներկայացրեց Կոտայքի մարզի դատախազին:

 

«Ես պարտավոր էի բացարկ հայտնել, որովհետև իմ վստահորդը չի վստահում իր քննիչին, իսկ ես պետք է դա արձանագրեի»,yerkir.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց պաշտպանը` հավելելով, որ քննիչ Հայկ Հակոբյանի վարքագիծը վայել չէ ոստիկանին:

 

«Քննիչի վարքագիծը նորմալ չէ, նա Վարդանին շատ արհամարհական է վերաբերվում: Պետք է այնտեղ լինեիք և լսեիք, թե ինչպես էր նա խոսում դերասանի հետ»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ Վարդանին վիրավորել է հատկապես այն, որ երբ քննիչին հայտնել է, որ առողջական վիճակը թույլ չի տալիս ցուցմունք տալ, նա հատուկ շեշտադրությամբ ասել է. «Դեռասանը մեյմունություն է անում»:

 

«Վարդանը քննիչին պատասխանել է, որ շատ հեղինակավոր դերասաններ կան. վիրավորելով իրեն` վիրավորում է նաև մյուս դերասաններին»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ քննիչն ու Վարդանն արդեն որոշակի թշնամական հարաբերություններ ունեն:

 

Հարցին, թե հնարավո՞ր է պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար քաղհայցով դիմեն դատարան, փաստաբանը պատասխանեց. «Օրենքը թույլ չի տալիս, քանի որ դա հրապարակային չի եղել: Եթե մարդուն անտեղի վիրավորում են, փաստաթղթերը չեն տրամադրում, լարված վիճակ են ստեղծում, անիմաստ գործողություններ են կատարում:Վարդանի ցուցմունքը չեն արձանագրում` հայտարարելով, թե քննիչը չի ցանկացել վիրավորել: Ինչպե՞ս վարվենք»: