Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցյալ ամիս առաջին անգամ այցելեցի Ճապոնիա հիասքանչ երկիրը: Տոկիոյի «Նարիտա» օդանավակայան ոտքս դնելուն պես, կարծես, հայտնվեցի մի սյուրռեալիստական երկրում. այնքան լավն էր, որ աչքերիս չէի հավատում…
Առաջին բանը, որ նկատում ես, ճապոնացիների ծայրաստիճան քաղաքավարությունն է: Հյուրերի առջև շարունակ խոնարհվելով` նրանց ողջույնն անհամեմատ ավելի հարգալից է, քան մեր սովորական ձեռքսեղմումը: Ես զարմացա, երբ պարզեցի, որ նրանք բոլորին միևնույն հիանալի ծառայությունն են մատուցում առանց լրացուցիչ վճարի: Ոչ ոք թեյավճար չի ստանում, այդ թվում` մատուցողներն ու ավտոկայանատեղիների սպասարկողները:
Ճապոնիան անբասիր մաքրության երկիր է: Ոչ մի տեղ չես կարող աղբ գտնել: Որևէ տեղ աղբի կուտակումներ չկան: Փողոցում աչքովդ չի ընկնի անգամ մի ծռմռված կամ փոշոտ մեքենա: Նույնիսկ շինանյութեր տեղափոխող բեռնատարները ծածկված են ցանցով, և բեռնման հրապարակից դուրս գալուց առաջ դրանք լվանում են, որպեսզի կեղտը շաղ չտան քաղաքի փողոցներում: Զարմանալի է, որ Տոկիոյին փոթորիկի հասցրած ուղղակի հարվածից հետո անգամ փողոցներում աղբի մնացորդներ չկային:
Ի լրումն այս ամենի` Ճապոնիայում հանցագործության ցուցանիշը շատ ցածր է` շնորհիվ բնակչության հանգիստ պահվածքի և զենքի բացակայության:
Թեեւ Տոկիոյի մայթերը շատ մարդաշատ են, սակայն ամեն մեկն իր գործին է գնում` առանց մյուսներին հրելու կամ հրմշտելու, վիճելու կամ ձայնը բարձրացնելու: Վարորդները հարգում են երթևեկության կանոնները և իրենց մեքենաները վարում են սահմանված կարգով` առանց մյուսների առաջը կտրելու կամ ձայնային ազդանշան տալու: Փողոցներում շատ մարդկանց կարելի է տեսնել բժշկական դիմակներով: Թվում է, թե նրանք այդ կերպ իրենց պաշտպանում են անցորդներից՝ գրիպով կամ այլ հիվանդությամբ չվարակվելու համար: Սակայն պարզվում է, որ հենց դիմակով մարդիկ են հիվանդ գրիպով: Նրանք, անչափ ուշադիր լինելով, չեն ցանկանում, որ իրենց մանրէները փոխանցվեն մյուսներին…
Բացի ճապոնական սրբավայրեր և հինավուրց պալատներ այցելելուց, այս հեռավոր հողում ես հնարավորություն ունեցա մասնակցելու հայությանը վերաբերող միջոցառումների: Ուրախությամբ իմացա, որ Հայաստանի Հանրապետությունը դեսպանատուն ունի Տոկիոյում: Դեսպան Հրանտ Պողոսյանը և կցորդ Մոնիկա Սիմոնյանը սիրալիր ընդունեցին ինձ և համառոտ ներկայացրեցին իրենց անխոնջ ջանքերն` ուղղված երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Մենք քննարկեցինք Միացյալ Նահանգների հայ համայնքի և Ճապոնիայում Հայաստանի դեսպանատան միջև համագործակցության հնարավորությունները, հատկապես` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին:
Բավականին հաճելի անակնկալ էր Հայաստանի դեսպանատան կազմակերպած համերգը՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Երեք անվանի երաժիշտներ` դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը և Ջուլիետա Վարդանյանը, նաև թավջութակահար Արամ Թալալյանը հատուկ ժամանել էին Հայաստանից այդ եզակի երեկույթի համար: Ճապոնական լսարանը, օտարերկրյա դիվանագետները, ինչպես նաև մի քանի հայ ուսանողներ ու գործարարներ մեծապես տպավորված էին Արամ Խաչատրյանի երաժշտությամբ և երաժիշտների վարպետ կատարմամբ: Անգամ հանդիպեցի մի ճապոնացի գիտնականի, որը վարժ խոսում էր հայերեն: Առաջին անգամ էի լսում ճապոնական առոգանությամբ հայերեն:
Իմ ճապոնացի հյուրընկալողները կազմակերպել էին իմ հանդիպումները Տոկիոյի և Կիոտոյի մի քանի խոշոր ընկերությունների գլխավոր տնօրենների հետ, որոնց հետ քննարկեցի ճապոնական ներդրումների հնարավորությունները Հայաստանում: Շատ տպավորիչ էր Կիոտոյի համալսարանի ցողունային բջիջների աճեցման ժամանակակից գիտահետազոտական լաբորատորիան:
Այդ նույն օրը բացառիկ հնարավորություն ունեցա դասախոսություն կարդալու մի խումբ փայլուն ուսանողների և նրանց դասախոսների առջև: Նրանք բավականին լավ անգլերեն գիտեին և բազմաթիվ հարցեր տվեցին` չնայած ինձ ասել էին, որ ճապոնացի ուսանողները սովորաբար հարցեր չեն տալիս: Իմ ելույթում ես լուսաբանեցի Հայոց ցեղասպանությունը, Արցախյան հակամարտությունը, Սիրիայի քաղաքացիական պատերազմը, արաբական գարունը, «մխիթարության կանանց» վիճահարույց հարցը և հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Տոկիո վերադառնալուց հետո հյուրընկալողներն ինձ զարմացրեցին՝ ներկայացնելով The Japan Times թերթի 1998 թվականի հոկտեմբերի 4-ի համարի պատճենը, որտեղ կեսէջանոց հոդված էր հրապարակված Հայաստանի համար իմ՝ որպես Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ կատարած մարդասիրական աշխատանքների մասին:
Իմ վերջին հանդիպումը կայացավ ճապոնացի պետական բարձրաստիճան երեք պաշտոնյաների հետ, որոնց հետ մանրամասն քննարկեցի Ճապոնիայի հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ:
Ճապոնիայի համալսարանի ուսանողների և կառավարության ղեկավարների հետ ունեցած զրույցներից հասկացա, որ հայ ժողովուրդը սովորություն է դարձրել իր քաղաքական բոլոր ջանքերը կենտրոնացնել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում` բոլորովին անտեսելով ռազմավարական բազմաթիվ կարևոր երկրներ Ասիայում: Գուցե քաղաքական և տնտեսական տեսանկյունից ավելի արդյունավետ լինի ընդլայնել մեր գործունեության դաշտը` ուշադրությունը սևեռելով այն երկրների վրա, որոնց քաղաքացիները գրեթե ոչինչ չգիտեն Հայաստանի և հայ ժողովրդի մասին:
Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի