կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-26 16:20
Մշակույթ

Ընդմիջումը՝ բոլոր հարցերի պատասխան

Ընդմիջումը՝ բոլոր հարցերի պատասխան

Կոմպոզիտորների միությունում շարունակվում  է համագումարը: Yerkir.am-ի լրագրողը հաղորդում է, որ  քիչ առաջ ելույթ ունեցավ միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, ինչից հետո ներկայացվեց վերջին տարիների ֆինանսական հաշվետվությունը՝ 2012թ. եկամուտներն ու արված ծախսերի օրինակով:

 

Դահլիճում ներկա էր  նաև իրավաբան  Կարեն Մանուչարյանը, ով Կոմպոզիտորների միության 5 անդամների կողմից լիազորված էր  հաշվետվության մասին հարցերի դեպքում  դիմել ելույթ ունեցողին:  Սակայն համագումարի նախագահողը՝ կոմպոզիտոր  Վլադիլեն Բալյանը,  չհամաձայնեց Մանուչարյանին տալ ձայնի իրավունք՝ պատճառաբանելով, որ հարցեր կարող են հնչեցնել  միմիայն միության անդամները:  Կոմպոզիտորների միության 5 անդամներից մեկը՝ Արամ Սաթյանը, ով լիազորել էր իրավաբանին, պնդեց. «Մենք կոմպոզիտորներ ենք՝ երաժշտության  մարդիկ,  ֆինանսական և իրավական մի շարք հարցերից գլուխ չենք հանում, ուստի իրավունք ունենք հարկ եղած դեպքում դիմել համապատասխան մասնագետի օգնությանը: Մանուչարյանին զրկելով հարց տալու իրավունքից՝ իրականում հենց մեզ ձայն չեք տալիս, և մեր հարցերն անտեսված են մնում»:

 

Ի պատասխան՝  Վլադիլեն Բալյանն ասաց. «Հայտարարում եմ մեկժամյա ընդմիջում»: