կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-24 19:56
Քաղաքական

ԵՄ-Հայաստան իրավական համագործակցությունը նորոգման կարիք ունի. ՀՀ փոխարտգործնախարար

ԵՄ-Հայաստան իրավական համագործակցությունը նորոգման կարիք ունի. ՀՀ փոխարտգործնախարար

«Մենք ԵՄ-ի հետ ունենք շարունակական երկխոսություն, մեր հարաբերությունները չեն ընդհատվել: Մենք պատրաստվում ենք Վիլնյուսի գագաթաժողովին»,- հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով yerkir.am-ի այն հարցին` որքա՞ն ժամանակ է պահանջվելու մինչև Հայաստանը կարողանա հավասարակշռված հարաբերությունները վերականգնել ԵՄ հետ` սեպտեմբերի 3-ին Մաքսային Միությանը միանալու որոշումից հետո:

 

Նրա խոսքով` Հայաստանն ունի ծավալուն օրակարգ և այսօր պետք է անդրադառնա ԵՄ-ի հետ իրավական հիմքերի վերանայմանը, որովհետև Հայաստանն այսօր գործում է գործընկերության և համագործակցության պայմանագրի շրջանակներում, որը կարիք ունի նորոգման:

 

Փոխարտգործնախարարի խոսքով` աշխատանքներ կան կատարելու թե' մինչև Վիլնյուսի գագաթաժողովը, թե' դրանից հետո:

 

«Ես վստահ եմ, որ մեր երկկողմ քաղաքական հարաբերություններում մենք կկարողանանք ձևակերպել օրակարգ, որ Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերություններում ունենա իր հստակ մակարդակը և որակը: Հայաստան- ԵՄ հարաբերությունները 22 տարի է, ինչ գոյություն ունեն. Հայաստանը Եվրոպայի մաս է, Հայաստանը եվրոպական արժեհամակարգի ջատագով է, Հայաստանն անդամ է եվրոպական տարբեր կառույցների, ներառյալ` Եվրոպական խորհրդի, այնպես որ` ԵՄ-Հայաստան համագործակցությունը չի ավարտվում այսօր և չի ավարտվելու վաղը»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը: