կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-03 13:00
Հասարակություն

Ժողովրդի համար ավելի լավ է, որ գործարարները շարունակեն մնալ ստվերում

Ժողովրդի համար ավելի լավ է, որ գործարարները շարունակեն մնալ ստվերում

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի՝ լրագրողների հետ զրույցում հնչեցրած մի քանի մտքեր ուղղակի ապշեցուցիչ են: Պարզվում է՝ Հ. Աբրահամյանի նոր կառավարությունը բյուջեն լցնելու համար գնում է մի քայլի, որն անվանել այլ կերպ, քան կառավարության (հետևաբար՝ իշխանությունների) կոմպրոմիսը հանցագործների հետ, դժվար է:

 

Ըստ Ա. Ալավերդյանի՝ ֆինանսների նախարարությունը հստակ գիտի, թե ո՛ր ոլորտում ո՛ր խոշոր գործարարը ի՛նչ ստվերային շրջանառություն ունի, և իր այդ տեղեկատվությունն օգտագործում է ոչ թե այդ «խավարասերներին» օրենքով նախատեսված կարգով պատժելու, այլ նրանց սիրաշահելով-համոզելով «արևերես» բերելու, դրանով իսկ՝ բյուջեն լցնելու համար:

 

ՀՀ կառավարությունը Ա. Ալավերդյանի բերանով, փաստորեն, խոստովանում է սեփական անճարակությունը օրենքի դաշտում տնտեսական մրցակցության և գործունեության արդար պայմաններ ստեղծելու առումով, եթե անցել է անհնազանդ տնտեսվարողներին փաղաքշելով-չխրտնեցնելով «խելքի բերելու»` աբրահամյանական գործելակերպին: Եվ այս գործելակերպի ամբողջ զավեշտն այն է, որ կառավարությունն ինքն է, նախ, ստիպված «խելքի գալ», որը հուսալ, սակայն, ինչ խոսք, անհնար է: Ինչ վերաբերում է փոխնախարար Ա. Ալավերդյանին, ապա նա հազիվ թե չի գիտակցում, թե կոռուպցիոն առումով ինչ «հասցեներ» էր ինքը երեկ բարձրաձայնում:

 

Եթե ֆիննախն ու կառավարությունը գիտեն խոշոր հարկատուների բոլոր թույլ տեղերը, բայց նրանք անպատիժ շարունակում են իրենց ուզած ձևով գործարարությամբ զբաղվել, ուրեմն նաև կան մարդիկ, որոնց համար ևս ձեռնտու է նրանց այդօրինակ գործունեությունը, և այս դեպքում «ձեռնտու» բառը խիստ նյութական իմաստ է ստանում՝ որոշ մարդականց ձեռքը տրվում են… շատ հասկանալի «բաներ», որպեսզի ձայն չհանեն: Եվ այդ մարդիկ չեն կարող ինչ-որ մանր չինովնիկներ լինել, նրանց չինը հասկանալիորեն գնում-հասնում է շատ վերև: (Կարող էինք գրել՝ «ընդհուպ մինչև», սակայն չենք գրում, որովհետև ՀՀ ո՛ր մի քաղաքացին կամ ընթերցողը չգիտի, թե ովքեր են «ընդհուպները»):

 

Բայց անօրեն գործարարների հանդեպ կառավարության հեզաճկուն վերաբերմունքից ոչ միայն կաշառակերության ու կոռուպցիայի հոտ է գալիս, այդ վերաբերմունքը նաև ցույց է տալիս, թե ինչ է մտածում կառավարությունը սեփական ժողովրդի մասին: Իսկ կառավարությունը սեփական ժողովրդի մասին շատ վատ կարծիք ունի, որովհետև նույն ժողովրդին անուղղակի մեղադրում է ստվերային գործունեություն ծավալածների հանդեպ տածած աներևակայելի մեծ սիրո և հանդուրժողականության մեջ:

 

Դատեք ինքներդ` վերոնշյալ փոխնախարարը չի բացառել, որ ստվերից հարկային դաշտ եկող գործարարները իրենց կորուստները կփորձեն կոմպենսացնել ապրանքներն ու ծառայությունները ժողովրդի վրա ավելի թանկ ծախելու գնով: Հետևաբար, ժողովրդի համար ավելի լավ է, որ նրանք շարունակեն մնալ… ստվերում:

 

Սիրու՜մ է մեր ժողովուրդը ստվերը: Ահա այսպիսի տխուր բաներ` ֆիննախարարի տեղակալի է՛լ ավելի տխուր զրույցից: Տխուր, որովհետև մարդը նաև ահազանգ հնչեցրեց, որ կասկած ունի, թե այս տարվա բյուջեն հարկավոր միջոցներով կհամալրվի: Եթե իշխանությունն ու կառավարությունը սրանք են, իհարկե, հիմնավոր կասկած է:

 

Բ. Գասպարյան