կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-01 12:38
Քաղաքական

Աղվան Հովսեփյանից ավելի վատ կարող էր միայն Կոստանյանը լինել. Փաշինյան

Աղվան Հովսեփյանից ավելի վատ կարող էր միայն Կոստանյանը լինել. Փաշինյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկելու դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը: Այս մասին նա հայտնեց ԱԺ իր ելույթում եւ ընդգծեց, որ թեեւ իրենց ընդդիմադիր համարող որոշ շրջանակներ, որպես դրական կողմ, նշում են Կոստանյանի` դիպլոմ ունենալու փաստը, բայց, ըստ Փաշինյանի, Կոստանյանը Աղվան Հովսեփյանից լավը չէ:

 

Պատգամավորը պատմեց, որ երբ փաստաբանների մի խմբի հետ է զրուցել, նրանք անգամ իրար մեջ խոսել են, թե ում կարող է Սերժ Սարգսյանը նշանակել, որ Աղվան Հովսեփյանից ավելի վատը լինի: Միակը, ըստ Փաշինյանի, փաստաբանների այդ խմբի համար Գեւորգ Կոստանյանն է:

 

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ Գորիսի հայտնի դեպքերին: Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ այդ դեպքից հետո Գեւորգ Կոստանյանն արել է կանխորոշող հայտարարություններ, թե Սուրեն Խաչատրյանը տանը քնած է եղել արյունահեղության ժամանակ: Պատգամավորը եւս մեկ անգամ հայտարարեց, որ Բուղադյանի ամենածանր վնասվածքն ունեցել է վերեւից ներքեւ ուղղությունը, հասցվել է մի անձի կողմից, ով կրակել է վերեւից, իսկ Սուրեն Խաչատրյանի որդին եւ թիկնապահը նույն հարթության վրա են եղել Ավետիք Բուղադյանի հետ: Ըստ Փաշինյանի` այս հակասության բացատրությունը համապատասխան մարմինները չեն կարողացել տալ, իսկ հասկանալու համար, թե գործում ինչ է գրված, ինչ բացատրություն է տրված, «լինգվիստիկ փորձաքննություն է պետք»:

 

ՀԱԿ պատգամավորը նշեց, որ դեպքից կարճ ժամանակ անց տարածվեց միջադեպի տեսագրությունը, որը, սակայն, առանց ձայնի էր, եւ սա, ըստ նրա, չէր կարող պատահականություն լինել: Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ երեկ Կոստանյանն այդպես էլ չասաց, թե ով է Ավետիք Բուդաղյանի հետեւից կանչել` Ավետ, նախաքննության մարմինը չի պարզել, թե ով է կանչող: «Կոստանյանն ասում է` էական չէ, բայց եթե պարզվի, որ Սուրեն Խաչատրյանն է կանչի հեղինակը, գլխովին կջախջախվի Կոստանյանի փաստարկը, որ Սուրեն Խաչատրյանը քնած է եղել»,- ընդգծեց Փաշինյանը:

 

Պատգամավորը վստահ է, որ գործ ունենք ոչ թե անհրաժեշտ պաշտպանության, այլ դիտավորյալ սպանության հետ, եւ նորմալ երկրում Կոստանյանին դրանից հետո ոչ թե գլխավոր դատախազի թեկնածու կառաջադրեին, այլ կկասեցնեին նրա` զինվորական դատախազի լիազորությունները եւ գործում կներգրավեին որպես կասկածյալ: «Գեւորգ Կոստանյանը Աղվան Հովսեփյանի` նոթինգհեմյան դիպլոմով տեսակն է»,- եզրափակեց Փաշինյանը: