Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ վերնախավում շարունակում են պնդել, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշանակվելու է Վճռաբեկ դատարանի նախագահ: Սակայն Դավիթ Հարությունյանը դիվանագիտորեն ո'չ հաստատում, ո'չ էլ հերքում է լուրը:
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ Yerkir.am-ի թղթակիցը Դավիթ Հարությունյանին եւս մեկ անգամ հիշեցրեց իր ապագա պաշտոնի մասին: Մեր թղթակցի հարցը ԱԺ պատգամավորը նախ որակեց էթիկապես ոչ ճիշտ, հետո հայտարարեց, որ անթույլատրելի է համարում որեւէ պաշտոնի մասին քննարկումը, երբ այդ պաշտոնում կա գործող անձ, տվյալ դեպքում` խոսքը Արման Մկրտումյանի մասին է:
«Ես կարծում եմ, որ այս պահին նման խոսակցություն վարելը տգեղ է»,-նշեց Հարությունյանը:
Մեր թղթակցի հարցին` իր հետ այս թեմայով արդեն խոսակցություն եղե՞լ է, Հարությունյանը պատասխանեց` ոչ:
Հարցին էլ, թե` պատրաստ եք օրենսդրի Ձեր աշխատանքը փոխարինել Վճռաբեկի նախագահի պաշտոնով, Հարությունյանը պատասխանեց. «Որեւէ մեկը հավերժ չէ այս կամ այն պաշտոնում: Ես ոչ պակաս հետաքրքրությամբ զբաղվում եմ այն աշխատանքով, որը կատարում եմ: Ենթադրել, որ ես սպառել եմ ինձ այդ ոլորտում, ճիշտ չէ»:
Ի դեպ, Դավիթ Հարությունյանը «տգեղ» որակեց մեր այն հարցը, որ եթե իրեն, այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու առաջարկություն արվի, կընդունի՞: